Անդրանիկ Թեյմուրյանը` Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ
«Հայազգի ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը դարձել է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ երբ իրանցի վաստակավոր ֆուտբոլիստ Ջավադ Նեքունամը հրաժեշտ տվեց ազգային հավաքականին, իրանահայ անվանի ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը դարձավ հավաքականի ավագ:
Իրանական «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ շվեդական ֆուտբոլային կայքերից մեկին տված հարցազրույցում՝ Թեյմուրյանն ասել է. «Հպարտ եմ, որ համարվում եմ իսլամական հեղափոխությունից հետո Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջին քրիստոնյա ավագը և ուրախ եմ, որ որպես քրիստոնյա՝ իսլամական մի միջավայրում նման զարգացման հնարավորություն եմ ունեցել»:
Անդրանիկ Թեյմուրյանն Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 85 անգամ, 8 գոլի հեղինակ է:
Հավելենք, որ Թեյմուրյանը Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցում էր 2014թ. աշխարհի առաջնությանը. Իրանի թիմը, F խմբում Նիգերիայի հավաքականի հետ խմբային փուլում խաղալով ոչ ոքի, Արգենտինային և Բոսնիա Հերցեգովինային համապատասխանաբար պարտվելով 1-0 և 3-1 հաշվով, դուրս մնաց հետագա պայքարից: