«Ստացվում է, որ մենք սխա՞լ կողմից ենք կռվել»
Արցախյան ազատամարտի մասնակից, պատերազմի հետևանքով 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող Հովհաննես Գալստյանը օրերս երևանյան բժշկական կենտրոններից մեկում հերթական բուժզննման ժամանակ բուժաաշխատողներից մեկի կողմից կոպիտ վերաբերմունքի է արժանացել:
«10 ամիս առաջ սրտի վիրահատության էի ենթարկվել: Հերթական բուժզննությունների օրն էր: Հավանաբար, գարնանային սրացումների հետ էր կապված, որ հիվանդանոցում ահավոր հերթ էր գոյացել: Միջանցքում կանգնելու տեղ անգամ չկար: Եվ առաջին անգամ ուշադրություն դարձրեցի դիմացի պատին փակցված, մեծ տառերով ցուցանակին, որի վրա գրված էր, որ պատերազմի մասնակիցներին և հաշմանդամներին սպասարկում են արտահերթ: Քանի որ ահավոր հերթ էր, իսկ ես էլ դեռ պիտի հասցնեի վերադառնալ Շիրակի մարզ, կյանքում առաջին անգամ որոշեցի օգտվել պետության կողմից ինձ տրված արտոնություններից:
Փաստաթղթերը ընդունողին ներկայացրեցի ՀՀ ՊՆ-ի կողմից տրված Արցախյան պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամության տեղեկանքը:
Նա երկար կարդաց տեղեկանքը, նորից նայեց պատի ցուցանակին և ասաց.
-Սա ձեզ չի՛ վերաբերում:
-Այսի՞նքն:
-Դե՛ որ ասում եմ, ուրեմն չի՛ վերաբերում:
-Ստացվու՞մ է, որ մենք սխա՞լ կողմից ենք կռվել,-կատակեցի ես:
-Չէ, վերաբերում է միայն, էն ո՞նց էին ասում, հա, էն ՄԵՐ Հայրենական պատերազմի մասնակիցներին:
-Լավ, բայց ինչու՞ այդքան խտրական վերաբերմունք, բա՞ առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցները՞,-նորից կատակով հարցրեցի ես:
-Չգիտեմ:
Հարցս ուղղում եմ առողջապահության ոլորտի չինովնիկներին՝ բա ռուս-պարսկական պատերազմի մասնակիցնե՞րը: (Ո՞ւր է նայում Զորի Մագելանիչը): Ո՞րն է նման ցուցանակների իմաստը: Կամ գոնե ներքևում, թեկուզ փոքր տառերով գրեք, որ սա Արցախյան պատերազմի մասնակիցներին և հաշմանդամներին չի վերաբերում... Չի վերաբերում», -իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն էր հայտնել ազատամարտիկը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ազատամարտիկը հրաժարվեց նշել բուժհիմնարկի անունը՝ ընդգծելով, որ ինքը շնորհակալ է բուժհիմնարկին իրեն «կյանք պարգևելու համար»:
«Իմ մտահոգությունը վերաբերում է ընդհանրապես առողջապահական ոլորտում տիրող ոչ ճիշտ աշխատաոճին և թույլ տրվող սխալ վերաբերմունքին», -ասաց պարոն Գալստյանը՝ նկատելով, որ համակարգում ընդհանուր առմամբ է նման իրավիճակ և ոչ միայն հենց այդ բուժհիմնարկում:
Առողջապահության նախարարի խորհրդական Անահիտ Հայթայանն ի պատասխան մեր խնդրանքի, պարզաբանեց, որ կառավարության համապատասխան որոշմամբ հատկապես արցախյան ազատամարտի մասնակիցներին հատուկ ուշադրություն է դարձվում անվճար բուժօգնության մատուցման հարցում: Ինչ վերաբերում է սպասարկմանը, ապա դա բուժհիմնարկի ներքին կարգավորման հարցն է և նախարարության լիազորությունների շրջանակներից դուրս:
«Մենք իհարկե, դատապարտում ենք նման անբարյացկամ ու կոպիտ վերաբերմունքը պատերազմի մասնակիցների նկատմամբ, սակայն այդ քաղաքականությունը բուժհիմնարկի ներքին խնդիրն է»,- փոխանցեց տիկին Հայթայանը:
Ու մինչ իրավիճակը թողնվում է բուժհիմնարկի հայեցողությանը, մարդիկ, թեկուզ սեփական հայրենիքի համար ծառայություն մատուցած, կոպիտ վերաբերմունքի կարժանանան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան