Իրանի ՊՆ. Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը տառապում է հիշողության կորստով
«Եթե Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը հիշեր ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում կրած պարտությունները, ապա կխուսափեր Իրանի վերաբերյալ սին հայտարարություններ անելուց»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:
Նշենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Աշթոն Քարթերը «Էն Բի Սի» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և «5+1 խմբի» միջև միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, նշել է, որ եթե բանակցությունները դրական արդյունքի չհանգեն, ապա ռազմական գործողությունները կշարունակեն մնալ որպես խնդրի լուծման այլընտրանք:
Հոսեյն Դեհղանը, արձագանքելով Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի հայտարարությանը, մասնավորապես հայտարարել է. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես թե ԱՄՆ պաշտպանության նախարարը տառապում է ալցհայմերի հիվանդությամբ (հիշողության կորստի խանգարում): Եթե Աշթոն Քարերը հիշեր ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում կրած պարտությունները, ապա կխուսափեր Իրանի վերաբերյալ սին հայտարարություններ անելուց»:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկացած պահի պատրաստ է յուրաքանչյուր ռազմական հարձակման կտրուկ հակահարված տալ»,-նշել է Իրանի պաշտպանության նախարարը:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին էլ, ի պատասխան Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի հայտարարության, հայտարարել է. «Որոշ ամերիկացի պաշտոնյաների թվում է, թե ռազմական այլընտրանքը միայն նրանց լիազորության շրջանակներում է գտնվում, մինչդեռ նրանք չարաչար սխալվում են»: