Հայաստանում առաջին անգամ կբացվի փոստային արվեստի միջազգային ցուցահանդես
Ապրիլի 3-ին Հայաստանում առաջին անգամ կբացվի փոստային արվեստի` (mail-art) «Արվեստը հանուն խաղաղության» խորագրով միջազգային ցուցահանդես: Նկարիչների միության ցուցասրահում ներկայացվելու է ավելի քան 100 աշխատանք (գեղանկար, գրաֆիկա, օֆորտ, լինոփորագրություն, կոլաժ, թվային արվեստ, լուսանկարչություն, ինտերակտիվ արվեստ)՝ ուղարկված 60 մասնակցի կողմից: Panorama.am-ին այս մասին հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչ, համադրող Լիլիթ Ստեփանյանը:
«Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներն ուղարկված են փոստային ծառայությունների միջոցով աշխարհի տարբեր երկրներից»,- նշեց նա:
Փոստային արվեստն արվեստի շարժում է, երբ աշխատանքները ուղարկվում են փոստային ծառայությունների միջոցով: Այն ի սկզբանե զարգացել է 1950-60-ականներին Ֆլուքսուս շարժման մասնակիցների կողմից, հետագայում ավելի տարածվել: Ամերիկացի նկարիչ Ռեյ Ջոնսոնը համարվում է այն մեյլ-արտիստը, ով զարգացրել է առաջին նման նախագիծը:
Լ. Ստեփանյանի խոսքով, աշխարհի շատ երկրներում է տարածված փոստային արվեստի ցուցահանդեսների կազմակերպումը, սակայն Հայաստանում երբեք չի եղել:
«Նման ցուցահանդեսներն օգնում է արվեստագետներին, ոչ մեծ գումար ծախսելով, ցուցադրվել նաև այլ երկրներում: Երբ խոսում էի օտարազգի արվեստագետների հետ՝ մեր ցուցահանդեսին մասնակցելու համար, նրանց մեծ մասը չգիտեին, թե որտեղ է Հայաստանը, ինչպիսի երկիր է: Ցուցահանդեսը նաև մեր երկրի մասին իմանալու լավ առիթ էր: Շատերն ընդունեցին հրավերը, այնուհետև իրենց սայթերում տարածում էին, որ իրենց աշխատանքները ներկայացվելու են Հայաստանում»,- նշեց նա:
Ցուցահանդեսին ներկայացված են լինելու աշխատանքներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Անգլիայից, Ուելիսից, Էստոնիայից, Սլովակիայից, Եթովպիայից, Բրազիլիայից, Ճապոնիայից, Հոնգ Կոնգից, Բանգլադեշից, ԱՄՆ-ից, Մակեդոնիայից, Կորեայից, Մարոկկոյից, Լեհաստանից, Ուկրանիայից, Իրանից, Նեպալից:
«Իհարկե, հայաստանցի արվեստագետներն առձեռն են ներկայացրել աշխատանքները: Մենք շատ էինք ուզում, որ Հայաստանն էլ ներկայացվեր: Շատերն էին ուզում մասնակցել, բայց միայն մի քանի աշխատանք ներկայացված կլինի ինչպես մյուս երկրների դեպքում»,- նշեց Լ. Ստեփանյանը:
Նրա խոսքով, փոստային արվեստի ցուցադրությունը ժյուրի չունի, բոլոր ցանկացողները հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց աշխատանքները:
Ուղարկված գործերը հետ չեն վերադարձվելու արվեստագետներին, քանի որ փոստային արվեստի ցուցադրությունները սովորաբար շրջիկ են լինում: Մեր զրուցակիցն ասաց, որ մտադրություն ունեն Երևանից հետո ցուցահանդես կազմակերպել նաև մարզերում, Արցախում, ինչպես նաև բանակցություններ են սկսել Ֆրանսիայում, Իտալիայում ներկայացնելու համար:
«Ցուցահանդեսի նպատակն է ևս մեկ անգամ խոսել, բարձրաձայնել, արտահայտել բացասական վերաբերմունք պատերազմի, կոնֆլիկտների ու բռնությունների նկատմամբ, պրոպագանդել խաղաղություն ու մարդասիրություն արվեստի միջոցով»,- ասաց համադրողը:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Այսօր Արթ նախաձեռնություն» ՀԿ-ն՝ Նկարիչների միության աջակցությամբ: Այն կշարունակվի մինչև ապրիլի 8-ը: