«Մանկական գրականության նկատմամբ մեծ հոգատարություն հանդես բերել». Մանկագիրները մտահոգ են
«Մանկական գրականության օրն է: Շնորհավորում եմ մեր մանկագիրներին, ցանկանում են, որ մանկական գրականության նկատմամբ մեծ հոգատարություն հանդես բերեն: Հաջողություն եմ ցանկանում բոլորին»,- Panorama.am-ի հետ զրույցում իր ընկերներին շնորհավորեց մանկագիր Սուրեն Մուրադյանը:
Այսօր Մանկական գրքի միջազգային օրն է, որը նշվում է 1967-ից յուրաքանչյուր տարի ապրիլի 2-ին: Օրն ընտրվել է ի պատիվ մանկագիր Հանս Քրիստիան Անդերսենի, ով ծնվել է 1805թ-ին հենց այս օրը: Օրը սկսվել է նշվել Մանկական գրքի միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY նախաձեռնությամբ: Նախաձեռնողները նշում են, որ հենց մանկուց պետք է կարդալ, շատ կարդալ, կարդալ լավ գրքեր, այդպիսով պրոպագանդելով մանկական գիրքը, կարևորելով այն նոր սերնդի հոգևոր և ինտելեկտուալ կերպարի ձևավորման գործընթացում:
«Երբ գրական ասպարեզ եկա, հրապարակի վրա շատ ճանաչված գրողներ կային՝ Վախթանգ Անանյան, Խաժակ Գյուլնազարյան, Մկրտիչ Կորյուն, Խաչիկ Հրաչյան, ևս տասնյակ անուններ, ովքեր ներկայացնում էին մանկական գրականությունը: Դրանից հետո ասպարեզ եկան իմ սերնդի ներկայացուցիչները:
Այսօր խնդիրներ կան մանկական գրականության առջև: Հրապարակի վրա մի քանիսին են: Դժբախտաբար, գնալով ավագ սերնդի մի մասը հրապարակից հեռացավ, մի մասը չի գրում: Մի շրջան եկավ, որ մանկական գրականությունը երկրորդ սորտի գրականություն համարեցին: Դրանից հետո շատ գրողները այլևս չգրեցին: Մինչդեռ մեր հայտնի գրողներից Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակն առանձին մանկական գրքեր գրեցին: Չմոռանանք «Վարդանանք»-ի հեղինակ Դերեիկ Դեմիրճյանը ստեղծած «Պույ-պույ մկնիկը»: Այսինքն, մեր հայտնի գրողներն աչքաթող չէին անում մանկական գրականությունը, նրանք հավասարապես լրացնում էին դաշտը: Այդ ավանդույթը ստեղծել էր Հովհաննես Թումանյանը: Նա հավասարապես ծառայել է և մեծահասակներին, և մանուկներին:
Այսօրվա ընթերցողն առանց Թումանյանի մանկական ստեղծագործությունների ծանոթանալու, չի կարող երբեք ընթերցանության ճաշակ դաստիարակել: Այդ ճաշակը դաստիարակում են Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Աթաբեկ Խնկոյանը և մյուս մանկագիրները»,- ասաց Սուրեն Մուրադյանը:
Մանկագիրը նշեց, որ այսօր մեր երեխաներն ավելի շատ կարդում են բանաստեղծություններ, պատմվածքներ, արձակում ճեղքվածք է նկատվում:
«Երեխաները շատ են սիրում արկածային գրականություն, ցավոք, հիմա արկածային գրականության մշակներ չունենք: Սա էլ է բաց: Հիմա նաև հետին պլան է մղվել թարգմանական գրականությունը: Մեր երեխաները գրեթե կարդում են միայն հայկական գրականություն, իսկ ռուսական և եվրոպական գրականությունը շրջանցում են: Սա վատ է անդրադառնում ինչպես մեր երեխաներին, այնպես էլ հայկական մանկական գրականության զարգացման վրա»,- ասաց Ս. Մուրադյանը:
Մանկագիր Երվանդ Պետրոսյանն էլ ասաց, որ հայկական մանկական գրականության հիմնական հոգսն այսօր այն է, որ եղած գրողներն, այդ թվում նաև ինքը, արդեն մեծահասակ են. «Ցանկալի է, որ լավ մանկագիրներ լինեն նաև ավելի կրտսեր տարիքի գրողների շրջանում»:
Իսկ թե ի՞նչ են նախընտրում կարդալ հայ երեխաները, մանագիրն ասաց. «Լավ բաներ, բնական, որ իրենց սրտին դուրս գա: Լինի այսպես կոչված հին, թե նոր, ամեն ինչի մասին կարելի է գրել նոր ձևով ու երեխաներին դուր կգա: Երեխաների համար գրված լավ գործերը մշտապես դուր են եկել նաև մեծահասակներին: Պետք է գրել լավ, բնական»: