Ավագ հինգշաբթի. Վերջին ընթրիք
Ավագ հինգշաբթին է:
«Օրը նվիրված է Տիրոջ Վերջին ընթրիքին: Եկեղեցիներում մատուցվում է Սբ Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Սբ Հաղորդության խորհրդի հաստատման:
Երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողություն: Ինչպես Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ ցուցաբերելով, լվանում է իր աշակերտների ոտքերը, այնպես էլ հայոց եկեղեցիներում հոգևորականները եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում և յուղով են օծում 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը:
Հինգշաբթի ուշ երեկոյան կատարվում է նաև «Խավարման կարգ» խորհրդավոր արարողությունը, որը վերաբերում է արդեն Ավագ ուրբաթի խորհրդին:
Եկեղեցիների խորանին դրվում են Քրիստոսին և Նրա աշակերտներին խորհրդանշող 13 մոմեր և Ավետարաններից ընթերցվում յոթ հատվածներ Քրիստոսի մատնության, դատապարտության, աշակերտների փախուստի, Պետրոսի ուրացման մասին: Ամեն ընթերցումից հետո հանգցվում են 12 աշակերտների մոմերից երկուսը և վերջում մնում է միայն Քրիստոսին խորհրդանշող մոմը. Տերը միայնակ էր մնացել: Հետևում է Ավագ շաբաթվա ամենախորհրդավոր պահը, երբ մարում են եկեղեցու բոլոր լույսերը և խավարի ու լռության մեջ հնչում է զղջման ու ապաշարության «Տէր, ողորմեա»-ն և «Ո՞ւր ես, մայր իմ» մեղեդին»,- ֆեյսբուքյան իր էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը: Այս շաբաթը կոչվում է ավագ, քանի որ իրենում պարունակում է չորս մեծ խորհուրդ. նախ՝ աշխարհի արարման շաբաթվա խորհուրդը, ապա՝ այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների խորհուրդը, և վերջապես՝ աշխարհի վախճանի խորհուրդը:
Նախորդող հրապարակումներ՝
Ավագ չորեքշաբթի. Տիրոջ մատնությունը
Ավագ երեքշաբթի. Տասը կույսերի առակը
Ավագ երկուշաբթի. Նվիրված է աշխարհի արարչագործությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները