Tempi. Ապրիլի 24-ին հայերի՞, թե՞ դահիճների հետ
Իտալական առաջատար Tempi.it պարբերականը անդրադարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման Երևանում անցկացվող արարողություններին և հարցադրում արել երկրների առաջնորդներին արդյոք «ապրիլի 24-ին լինելու են հայերի կողքին, թե՞ լինելու են Ստամբուլում` բավարարելով դահիճներին»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը` որպես պատմական իրողության, պարբերականը գրում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց երիտթուրքերի արշավը ընդդեմ քրիստոնյա հայերի, որն ավարտվեց ավելի քան մեկ ու կես միլիոն հայի սպանությամբ: Պարբերականի դիտարկմամբ` նպատակը մեկն էր, կայսրության բոլոր շրջաններում կրճատել հայերի թիվը միայն այն բանի համար, որ նրանք թուրքեր չէին:
Պարբերականը նկատում է, որ Թուրքիան երբեք չի ընդունել Հայոց ցեղասպանությունը և հանդես է գալիս ժխտողական քաղաքականությամբ: Մեջբերելով հարցման տվյալներ` պարբերականը գրում է, որ Թուրքիայի բնակչության միայն 9.1 տոկոսն է 1915 թվականի իրադարձությունները համարում ցեղասպանություն: Այս համատեքստում պարբերականը նաև հիշեցնում է վերջերս Ստամբուլի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերին հակահայկական գրությունների հայտնվելու մասին:
Անդրադառնալով ապրիլի 24-ին` պարբերականը նկատում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը միտումնավոր կերպով այդ օրը հռչակեց Գալիպոլիի ճակատամարտի տարելիցի օր, որպեսզի հակակշիռ ստեղծի Երևանում անցկացվող ապրիլ 24-յան ոգեկոչման արարողություններին: Այս առումով պարբերականը մեջբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ Էրդողանը փորձում է ամեն կերպ խոչընդոտել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին:
Պարբերականը նկատում է, որ Էրդողանը նույնպես հրավերներ է ուղարկել աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներին այն դեպքում, երբ հայկական կողմը ավելի վաղ էր արել դա:
«Հարկավոր է ընտրել. գնալ Երևան և հիշատակել Հայոց ցեղասպանության զոհերին, թե՞ Ստամբուլ՝ դահիճներին բավարարելու համար: Անգլիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն արդեն հայտարարել է, որ չի մեկնի Հայաստան, «չնայած հասկանում է 100-րդ տարելիցի մեծ կարևորությունը»: Քեմերոնն արդեն զբաղված է. այդ օրը նա Թուրքիայում է լինելու: Իսկ ի՞նչ է անելու Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին: Այդ մասին նա դեռ չի հայտարարել»,- գրում է ամսագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները