Իրանի ԱԳ նախարար. Միջուկային խնդրի շուրջ ստորագրվելիք համաձայնագիրը պետք է հաստատվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում
«Միջուկային խնդրի շուրջ ստորագրվելիք համաձայնագիրը պետք է հաստատվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր Լոզանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով բանակցությունների ընթացքին, մասնավորապես նշել է. «Ամռանը Իրանի և «5+1 խմբի» միջև վերջնական համաձայնագիր ստորագրվելու դեպքում այն անպայման պետք է հաստատվի նաև ՄԱԿ-ի ԱԽ կողմից, իսկ ինչ վերաբերում է բանակցությունների այս փուլին, ապա ներկայում մեր ընկերները քննարկումներ են անցկացնում, և նախատեսվում է, որ մամլո ասուլիս կկազմակերպվի և բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն կարվի»:
Իրանական «Շարղ» օրաթերթի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին, լրագրողի այն հարցին, թե այսօր հնարավո՞ր է հասնել որևէ արդյունքի, փոխնախարար Արաղչին կարճ պատասխանել է. «Հույսեր կան»: