Զոդում խոլերիայի վտանգ կա և մարդիկ պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմել
Արարատի մարզի Բանավան (Զոդ) համայնքի 8-րդ շենքի բնակիչների համար մաքուր օդը ճոխություն է դարձել: Շաբաթներ, ամիսներ, տարիներ շարունակ նրանք ստիպված են շնչել կոյուղատարից նկուղ լցվող կեղտաջրերի հոտը, որոնք երբեմն նույնիսկ տներ են լցվում, ողողում բակը:
Խողովակները հին են, խցանվում են, կոմունալ ծառայություն ահազանգած բնակիչներին նոր անակնկալ էր սպասվում: Ծառայության աշխատակիցները կոտրել են խողովակն ու գնացել: Կեղտաջրերով լեցուն նկուղից առաջին հարկում ապրողների կյանքն անտանելի է դարձել, հատակն ու պատերը խոնավ են, տունը՝ գարշահոտ:
«Զանգում ենք կոմունալ, ասում են, ֆինանս չկա, բա էլ ինչի՞ համար ենք ամսական կոմունալ վճարում, պարտաճանչ ու պարտադիր: Էս խոնավությունից հիվանդացել, մի քանի շաբաթ անկողին եմ ընկել: Ներվային ենք դարձել, ամեն օր ուր ասես զանգում ենք, արձագանք չկա, փոփոխություն չկա»,-Panorama.am-ին ասաց շենքի չորս մուտքերից մեկի առաջին հարկի բնակիչ, միայնակ թոշակառու Ա. Հոխոյանը:
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակի ու պատասխանատուների անգործության հետևանքով ինքը որոշել է ծախել բնակարանը, հայտարարություն է տվել վաճառքի մասին: Դեռ արձագանք չկա, հույս էլ չկա, որ նման պայմաններում գտնվող շենքի բնակարանի համար գնորդ կգտնվի:
Մյուս բնակինչերն էլ բողոքում են, որ կեղտաջրերով լեցուն բակով չեն կարողանում խանութ գնալ, աղբը թափել:
«Չերեզ պատուհան ենք հաց առնում, մեկ էս կողմ ենք թռնում, մեկ էն կողմ, մինչև աղբը թափում ենք: Իրանք գալիս են, ավտոյով կանգնում հենց մուտքի աստիճանների մոտ, քթները փակում են, նայում են, թողում գնում, բա մենք ո՞նց ենք դիմանում, մեր երեխաները ո՞նց են դիմանում»,-բարկանում են բնակիչներն ու նշում, որ դուրս են գալու արդեն ճանապարհները փակելու:
Շենքի բնակիչները հիշում են կոմունիստների թվերը, երբ մի քանի պոմպ էր աշխատում ու նկուղում հավաքված ջուրը դուրս մղում: Իսկ հիմա գոնե մեկն էլ չի աշխատում:
Կոմունալ ծառայության ինժինիեր Արտյոմ Բալայանը Panorama.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ գործի բերումով շենք գնալիս հոտին չի դիմանում: Ասում է, ցուցակ են կազմել, թե ինչ է հարկավոր, ինչքան ֆինանսական միջոց է պետք, ցուցակը տվել են տնօրենին:
«Խողովակը ջարդել են, որ բնակչի տուն չլցվի: Հին խողովակ է, խցանված է եղել, ջուրը բարձրացել բնակիչների տուն է լցվել, կոտրել են, որ նկուղ լցվի: Այսօր պետք է առնեն, գնան սարքեն, բայց ինձ չի թվում, թե դա օգուտ տա, դիտահորերն էլ են խցանված վիճակում»,-ասաց նա:
Ա. Բալայանն ասում է, որ Բանավանի մյուս շենքներն էլ լավ վիճակում չեն, ամենուրեք ճահիճներ են, կանալիզացիաներ: Համայնքի դիտահարորն էլ լցվել են, խցանվել, Ջրմուղկոյուղին էլ իր գործը չի անում:
Խնդրին տեղյակ են Արարատի քաղաքապետ Հայկյանը, մարզպետարանի ներկայացուցիչները, եկել են նայել նույնիսկ Երևանից, բայց դեռ իրավիճակում դրական փոփոխություն չի եղել:
«Քաղաքապետին էլ ենք գրություն ուղարկել, որ այստեղ իրենց անմիջական մասնակցություն է պետք»,-ասաց ինժինիերը:
Փաստորեն այս համայնքը խոլերիայի բուն է դիտարկմանն ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Հեսա ամառն եկավ, ավելի վատ է լինելու: Եթե եղել եք, գիտեք, ամռանն էլ մոծակներ, մլակներ»:
Լավ կլիներ մարզպետարանից, քաղաքապետարանից , կոմունալ ծառայությունից, Ջրմուղկոյուղի ընկերությունից բացի հրապարակմանն արձագանքեր նաև առողջապահության նախարարությունը, հակառակ դեպքում վաղը կարող է ուշ լինել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները