Իրանի և «5+1 խմբի» համատեղ հայտարարությունը՝ կամուրջ վերջնական համաձայնագրին հասնելու համար
Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների միջև շուրջ երկու շաբաթ Շվեյցարիայի Լոզան քաղաքում տևած լարված բանակցությունների ավարտին կողմերը հրապարակեցին համատեղ հայտարարություն, որը չի նախատեսում խնդրի իրավական կարգավորում, այլ պարզապես կարող է նպաստել 2013թ. նոյեմբերին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվող համատեղ քայլերի ծրագրի իրագործմանը և համապարփակ համաձայնագրի տեքստի մշակմանը:
Համատեղ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
1. Ուրանի հարստացման աստիճանն ու ծավալները որոշակի ժամանակահատվածով կսահմանափակվեն:
2. Միակ հաստատությունը, որտեղ ուրան կհարստացվի, դա Նաթանզը կլինի:
3. Ուրանի հարստացումը պետք է իրականացվի` համաձայն նախապես հաստատված ժամանակային գրաֆիկի:
4. Ուրանի հարստացման Ֆորդոյի հաստատությունը կվերածվի միջուկային ֆիզիկայի կենտրոնի. ավելի քան 1000 ցենտրիֆուգներն ու այլ ենթակառուցվածքները կպահպանվեն: Իրանը, «5+1 խմբի» անդամ երկրների հետ համագործակցելով, Ֆորդոյի հաստատության մի մասում կարող է կայուն իզոթոփների արտադրություն իրականացնել:
5. Արաքի ծանր ջրի ռեակտորը միջազգային համապատասխան կազմակերպությունների աջակցությամբ կարդիականացվի և ռեակտորի արտադրողականությունը զգալիորեն կավելանա, սակայն պլուտոնիումի արտադրության ծավալները կնվազեն:
6. Համատեղ քայլերի ծրագրի իրականացման ընթացքում Իրանը տասնամյա ժամկետում ուրան կհարստացնի: Այդ ընթացքում Նաթանզում ավելի քան 5 հազար միավոր ցենտրիֆուգներ 67,3 տոկոսի մակարդակում կշարունակեն վառելիք հարստացնել:
7. Իրանը կարող է հարստացված ուրանի պաշարներն օգտագործել միջուկային վառելիքի արտադրության համար կամ դրանք արտահանել և վաճառել միջազգային շուկայում:
8. Համատեղ քայլերի ծրագրի իրականացման տասնամյա ժամկետում Իրանը կշարունակի IR4, IR5, IR6, IR8 ցենտրիֆուգների համալրման և ընդլայնման գործընթացը:
9. Համատեղ քայլերի ծրագրի իրականացման պահից սկսած իրանցի պաշտոնյաների, կենտրոնական բանկի և այլ պետական և ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև բանկային, նավթի, գազի, պետրոքիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, ապահովագրության ոլորտում Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների և Եվրամիության սահմանած միակողմանի և բազմակողմ պատժամիջոցներն անմիջապես չեղյալ կհայտարարվեն: «5+1 խմբի» անդամները ձեռնպահ կմնան նոր պատժամիջոցներ կիրառելուց:
10. Բանակցությունների այս փուլի ավարտից հետո կողմերը պետք է մշակեն համատեղ քայլերի ծրագրի նախագիծը, որը պետք է հավանության արժանանա ս.թ. հուլիսի 1-ին կայանալիք վճռորոշ հանդիպման ժամանակ: Համատեղ քայլերի ծրագրի տեքստը վերջանական տեսքի բերելուց հետո այն՝ որպես բանաձև, պետք է հաստատվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որից հետո չեղյալ կհայտարարվեն ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված նախկին բանաձևերը:
11. Համատեղ քայլերի ծրագիրն անվտանգության խորհրդում հաստատվելուց հետո ծրագրի կողմ հանդիսացող երկրները որոշակի ժամանակահատված պետք է պատրաստվեն, որպեսզի այն սկսի կիրառվել: Նախապատրաստական փուլից հետո Իրանի կողմից միջուկային ծրագրի ոլորտում կատարած քայլերի հետ միաժամանակ բոլոր պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն:
Պետք է նշել, որ գրեթե նույն խանդավառությունն էր տիրում նաև ժնևյան համաձայնագրի ստորագրման ժամանակ, որը նախատեսում էր վեց ամսվա ընթացքում (2014թ. հունվարի 20-ից սկսած) շարունակել բանակցությունները, մինչև կողմերը կմշակեին վերջնական համաձայնագրի տեքստը, սակայն երբ 2014թ. հուլիսի 20-ին համատեղ քայլերի ծրագրի կատարման համար նախատեսված վեցամսյա ժամկետն ավարտվեց, կողմերն այդպես էլ համաձայնության չհասան. բանակցությունները չորս ամսով ևս երկարացվեցին՝ մինչև նոյեմբերի 24-ը: 2014թ. նոյեմբերին Վիեննայում 7 օր տևած լարված բանակցություններից հետո ժնևյան համաձայնագիրը չտապալելու համար կողմերը որոշում կայացրեցին բանակցությունները երկարացնել մինչև 2015 թ. հուլիսի 1-ը:
Ուսումնասիրելով համատեղ հայտարարության տեքստը՝ նկատում ենք, որ այն մեծ հաշվով կրկնում է ժնևյան համաձայնագիրը, այսինքն՝ եթե խոսքը վերաբերում է առաջընթացին և փոխզիջմանը, ապա այն ձեռք էր բերվել դեռ երկու տարի առաջ, պարզապես բանակցությունները փակուղի չմտնելու համար կողմերը հրապարակեցին սույն հայտարարությունը: Այն կարելի է համարել որպես կամուրջ՝ վերջնական բանակցություններին հասնելու համար: Դատելով համատեղ հայտարարության տեքստում ամրագրված պահանջներից՝ կողմերը պետք է քաղաքական կամք ունենան այն իրագործելու համար:
Արմեն Իսրայելյան, իրանագետ