«Երեք ամսվա ընթացքում կյանք փրկող այս ծրագրի շրջանակում բուժօգնություն է ստացել 399 քաղաքացի»
ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր ստորագրվել է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման նոր հուշագիր։
Հունվարի 1-ից Երևանի 4 և մարզային 2 բժշկական կենտրոններում մեկնարկել է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Սուր, ծանր ինֆարկտի դեպքում, երբ առկա է մեր բնակչությանն արդեն քաջածանոթ ST-էլևացիա, անվճար` պետության կողմից երաշխավորված, տեղադրվում է ոչ դեղապատ մեկ ստենտ։ Այս մասին տեղեկանում են ԱՆ լրատվական ծառայությունից:
«Երեք ամսվա ընթացքում կյանք փրկող այս ծրագրի շրջանակում բուժօգնություն է ստացել 399 քաղաքացի։ Նրանցից 376-ը ստենտավորվել է, իսկ մյուսների կորոնարոանգիոգրաֆիայի արդյունքներով ստենտավորման կլինիկական անհրաժեշություն չի եղել։ Բոլոր դեպքերի հիվանդության պատմություններն ուսումնասիրվել են մասնագետների խմբի կողմից, որպեսզի վերլուծենք դրանք և վերագնահատենք մեր մոտեցումներն ու հստակեցնենք չափորոշիչները»,-ասել է նախարարը։
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից բխող այս ծրագիրը մնալու է ուշադրության կենտրոնում։
«Մենք քաջ գիտակցում ենք, որ մարդիկ այս ծրագրում ընդգրկվում են մասնագետների օպերատիվ որոշումների արդյունքում և հնարավոր չէ նրանց հերթագրել։ Այս հանգամանքը պարտադրում է կրկնապատիկ ուժեղացնել հսկողությունը»,-նշել է նախարարը։
ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը և մոնիտորինգի խմբի ղեկավար Ալինա Օհանյանը ներկայացրել են ծրագրի նկատմամբ իրականացված մոնիտորինգի արդյունքները։ Նշվել է, որ ծրագրի շրջանակում բուժօգնություն ստացած 399 քաղաքացու 57 տոկոսը երևանաբնակ են, մյուսները`տարբեր մարզերից, 106-ը 70-ից բարձր տարիքի են։ Մանրամասն ուսումնասիրվել են հիվանդության բոլոր պատմությունները, ինչպես նաև կատարված հետազոտությունների արդյունքները։ Ցավոք, 13 դեպքում չի հաջողվել փրկել ծանր ինֆարկտ տարած մարդկանց կյանքը։ Նրանք հիմնականում 80-ն անց քաղաքացիներ են, որոնց մոտ ախտորոշվել է կարդիոգեն շոկ, բազմակի օրգանների ախտահարումներ։
«Այսօր կնքվող հուշագիրը թույլ կտա հիվանդներին ավելի օպերատիվ կերպով հասցնել կլինիկաներ և ավելի արագ ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն»,-ասել է ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը` հավելելով, որ նախկինում բազմաթիվ հիվանդներ ֆինանսների բացակայության պատճառով չէին ստանում բժշկական նման ծառայություն։
Այնուհետև ՀՀ առողջապահության նախարարության և արդեն 10 բժշկական կենտրոնների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ապրիլի 1-ից դեկտեմբերի 31-ը բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծառայությունների իրականացման մասին։
«Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա» բժշկական կենտրոններից, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոններից բացի այսուհետև կյանք փրկող ծրագիրը կիրականացվի նաև «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում», «Արամյանց բժշկական կենտրոնում», «Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոնում» և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ»-ում։
«Փորձարարական եռամսյակը վկայում է, որ ծրագրի հանդեպ բնակչության շրջանում կա վստահություն և այն արժանանում է բարձր գնահատականի ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի հեղինակավոր մասնագետների կողմից»,-հուշագրի ստորագրման կապակցությամբ շնորհավորելով բոլորին` ասել է Արմեն Մուրադյանը։ Նա նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ՀՀ Ան գլխավոր սրտաբանի և ծրագրում ընդգրկված նոր կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ ևս մեկ անգամ քննարկել կազմակերպական հարցերը և առաջարկներն ամփոփել ծրագրի չափորոշիչներում: Քննարկվել են նաև սրտաբանների վերապատրաստման, դեղերի, ստենտների ապահովման հարցերը:
Նշվել է, որ մշտադիտարկումները կշարունակվեն` բժշկական օգնության և սպասարկման որակի, ինչպես նաև ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով:
Եզակի այս ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, ովքեր ընդգրկված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա