ԳԱԱ արտաբյուջետային ֆինանսների ծավալը 2014-ին հասել է վերջին հինգ տարիների առավելագույնին
2015 թվականին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում աշխատող գիտության թեկնածուների և դոկտորների աշխատավարձը բարձրացել է գիտական աստիճանների համար տրվող հավելավճարը կրկնապատկելու պատճառով:
«Սոցիալական բնույթի բազմակողմանի գործունեություն է ծավալել Ակադեմիայի «Գիտության զարգացման հիմնադրամը»: Այս խողովակով համակարգի կազմակերպությունների 30 աշխատակից ստացել են 4,5 միլիոն դրամի նյութական օգնություն»,- Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ իր զեկույցում նշեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին մասնակցում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նախարարներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ:
ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը զեկուցեց Ակադեմիայի 2014 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին: Նախորդ տարի, ըստ նրա, ԳԱԱ-ում տեղի է ունեցել երկու հիշարժան իրադարձություն՝ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային երրորդ մրցանակաբաշխությունը և ԳԱԱ նոր անդամների ընտրությունը:
2014-ին ներկայացված 100 թեկնածուից ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ են ընտրվել 17-ը: Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների և կենտրոնների գիտական արդյունքներն արտացոլված են արտասահմանյան հեղինակավոր գիտական պարբերականներում հրապարակված 782 հոդվածում, 18 մենագրությունում:
Ռ. Մարտիրոսյանը նշեց, որ վերջին տարիներին ակտիվացել է համագործակցությունը Ռուսաստանի, Բելառուսի և Եվրոպական միության գիտատեխնիկական կենտրոնների հետ: Նախորդ տարի Բյուրականի աստղադիտարանի և «Ռուսկոսմոս»-ի հետ կնքված պայմանագրով նախատեսված տիեզերական մոնիտորների կայանը սկսել է իր աշխատանքները:
Ըստ ԳԱԱ նախագահի, նախորդ տարի բազային, թեմատիկ, նպատակային և այլ ծրագրերում գիտական հետազոտությունների իրականացման և դրանց աջակցության համար համակարգի ստորաբաժանումները պետական բյուջեից ստացել է 6248957,4 դրամ ֆինանսավորում: Պետական բյուջեից աշխատավարձի ընդհանուր ֆոնդը կազմել է 5,4 միլիարդ դրամ, որն ամբողջ ֆինանսավորման 75 տոկոսն է: Համակարգի աշխատողների ամսական միջին աշխատավարձը, մեկ մարդու հաշվով, առանց արտաբյուջետային միջոցների, կազմել է 104 հազար դրամ: Արտաբյուջետային ֆինանսների ծավալը հաշվետու տարում կազմել է 1 միլիոն 835 հազար 534 դրամ: Այս արդյունքը, Ռ. Մարտիրոսյանի խոսքով, վերջին հինգ տարիների մաքսիմալ ծավալն է, որը ստացել են կազմակերպությունները կիրառական բնույթի հետազոտություններն ավելի լավ կազմակերպելու արդյունքում:
Ներկայումս ԳԱԱ համակարգում ընդգրկված է 62 ակադեմիկոս և 60 թղթակից անդամ: ԳԱԱ աշխատողների ընդհանուր թիվը 4027 է, որոնցից 2450-ը գիտական աշխատողներ են, 327-ը՝ գիտության դոկտորներ, 1085-ը՝ գիտության թեկնածուներ, 1038-ը՝ գիտական աշխատողներ առանց գիտական աստիճանի:
Ժողովի մասնակիցները նաև հոտնկայս հարգեցին 2014 թվականի ընթացքում կյանքից հեռացած ԳԱԱ անդամներ հիշատակը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում