Գերմանիայի նախագահը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման պատարագին
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը մասնակցելու է ապրիլի 23-ին Բեռլինում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագին: Այս մասին գրել է գերմանական Heute.de պարբերականը:
Գերմանական Երկրորդ հեռուստաալիքի (Zweites Deutsches Fernsehen) հարցմանն ի պատասխան, Գերմանիայի նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է. «Նախագահը կմասնակցի Բեռլինում նախատեսված եկեղեցական պատարագին` ոգեկոչելու Օսմանյան կայսրությունում հայերի և քրիստոնյա մյուս փոքրամասնությունների կրած տառապանքների զոհերի հիշատակը»:
Այդպիսով, Յոահիմ Գաուկը դառնում է Մեծ Եղեռնի ոգեկոչման արարողություններին մասնակցած գերմանացի առաջին նախագահը:
ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն` իշխանական կոալիցիայում անհամաձայնություն կա Ցեղասպանության տարելիցին նվիրված բանաձեւի տեքստի վերաբերյալ: Կանաչների և ձախերի պատրաստած բանաձևում տեղ է գտել «ցեղասպանություն» բառը, մինչդեռ կառավարող կոալիցիան խուսափում է սուր գնահատականներ տալուց:
Հրապարակման համաձայն` պատմաբան և «Լեփսիուսհաուս» կենտրոնի ղեկավար Ռոլֆ Հոսֆելդը, մեկնաբանելով դաշնային կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, ասել է, որ նման վերաբերմունքը սուր «ամնեզիայի» հետևանք է:
Հոսֆելդի համոզմամբ` Բունդեսթագի բոլոր ուժերի կողմից Ցեղասպանության ճանաչումը խիստ անհրաժեշտ է. «Գերմանիան պատասխանատվություն է կրում այդ հանցագործությունների համար, քանի որ Գերմանական կայսրությունը եղել է Օսմանյան կայսրության դաշնակիցը և չնայած իրավիճակից լիարժեք տեղյակ լինելուն` չի կանխել Ցեղասպանությունը», - ասել է Գերմանական երկրորդ հեռուստաալիքի զրուցակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան