Հայաստան ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են ԵՏՄ անդամ այլ երկրներում. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ այս տարվա առաջին երկու ամիսներին պետական եկամուտների թերակատարման պատճառներից մեկն այն է, որ այդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են ԵՏՄ անդամ այլ երկրներում, հիմնականում Բելառուսում և Ղազախստանում:
«Եթե նախկինում երրորդ երկրներից ապրանքների մեծ մասը ծովով բերվում էր Վրաստան, հետո մաքսազերծվում Վրաստան-Հայաստան սահմանին, ապա ներկայումս Եվրոպայից դեպի ՀՀ ուղևորվող բեռների մի զգալի մասը մաքսազերծվում է Բելառուսում և Ղազախստանում ու ՀՀ հասնում մաքսազերծված վիճակում: Ներմուծողները խուսափում են ապրանքը ՀՀ մաքսատանը մաքսազերծելուց, քանի որ Բելառուսում և Ղազախստանում Հայաստան ուղևորվող բեռների մաքսազերծման ժամանակ չեն կիրառվում այսպես կոչված «հսկիչ գներ», ինչի շնորհիվ մաքսազերծումը ավելի էժան է ստացվում: Խնդիրն այն է, որ ՀՀ մաքսային մարմինները ապրանքները մաքսազերծում են ոչ թե իրենց իսկական գներով, այլ հենց մաքսայինի սահմանած «հսկիչ գներով»»,-հավելել է թերթը: