Համագործակցության հուշագիրը կնպաստի պետական բյուջեից կատարվող ծախսերի կրճատմանը
Հայաստանի կառավարությունը էական նշանակություն է տալիս հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնց հիմնական նպատակն է այդ ծառայությունների որակի բարձրացումը, բնակչությանն ավելի արդյունավետ և որակյալ սպասարկման ապահովումը:
Հայաստանի արդարադատության նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության միջև համագործակցության մասին հուշագիր ստորագրումից հետո ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Համագործակցության հուշագիրն ուղղված է Ազգային վիճակագրական ծառայությանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից տվյալները թղթային տարբերակի փոխարեն էլեկտրոնային եղանակով տրամադրելուն և վերջինիս վիճակագրական տվյալների մասով հասանելիությունը ապահովելուն։ Հուշագիրը ստորագրեցին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:
Նախարարի խոսքով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի միջոցով ոչ միայն բարելավվել է ծառայության որակը, այլ նաև կրճատվել է ծառայությունների ժամկետները, հնարավոր է շատ արդյունավետ կերպով ունենալ անհրաժեշտ վիճակագրական տվյալները, հավաքել ինֆորմացիա, կատարել վերլուծություններ:
Ստեփան Մնացականյանի խոսքով, հուշագիրը լուծում է երկու կարևոր խնդիր՝ Ազգային վիճակագրական ծառայությունը հնարավորություն է ստանում տեղեկատվության իր կարևորագույն աղբյուրներից մեկից՝ քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմնից տվյալներ ստանալ և մշակել էլեկտրոնային եղանակով՝ այդպես խնայելով ժամանակ:
Կարևոր է, որ պետական մարմինները կարողանան իրենց բոլոր գործառույթներն արձանագրել, այն էլ՝ էլեկտրոնային եղանակով:
Փաստաթղթի շրջանակում կողմերը պայմանավորվել են իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրառված տեղեկությունները իրական ռեժիմում Ծառայությանը տրամադրելուն՝ վիճակագրական մշակման աշխատանքները էլեկտրոնային եղանակով և առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:
Այն վերաբերում է ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման, անվան փոխման, մահվան, որդեգրման գրանցումներով ամրագրված տեղեկություններին, որոնք հիմք են հադիսանում համապատասխան վիճակագրական տվյալների մշակման աշխատանքների համար։
Համագործակցության հուշագիրը կնպաստի նաև երկու կառույցների միջև փաստաթղթաշրջանառության դյուրացմանը, փաստաթղթային շրջանառության ընթացքում սխալների և բացթողումների բացառմանը, պետական բյուջեից կատարվող ծախսերի կրճատմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում