Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է
Ավագ ուրբաթն է:
«Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Օրը սկսվում է «Խավարման կարգ» խորհրդավոր արարողությամբ, որը կատարվում է Ավագ հինգշաբթի երեկոյան:
Ավագ ուրբաթ տեղի է ունենում Խաչելության կարգը, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո, նախատոնակի արարողության ընթացքում, կատարվում է Թաղման կարգը, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը` պատրաստված ծաղիկներից և ճյուղերից պտտեցվում է եկեղեցու շուրջ` ի տես հավատավոր ժողովրդի: Այս օրը առավել չափով պիտի հիշենք, որ Անմահը չարչարվեց, խաչվեց և մահը հանձն առավ, որպեսզի մենք` մահկանացուներս, անմահանանք և մաքրվելով մեր մեղքերից` հավիտենական կյանքը ժառանգենք»,- ֆեյսբուքյան իր էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը: Այս շաբաթը կոչվում է ավագ, քանի որ իրենում պարունակում է չորս մեծ խորհուրդ. նախ՝ աշխարհի արարման շաբաթվա խորհուրդը, ապա՝ այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների խորհուրդը, և վերջապես՝ աշխարհի վախճանի խորհուրդը:
Նախորդող հրապարակումներ՝
Ավագ հինգշաբթի. Վերջին ընթրիք
Ավագ չորեքշաբթի. Տիրոջ մատնությունը
Ավագ երեքշաբթի. Տասը կույսերի առակը
Ավագ երկուշաբթի. Նվիրված է աշխարհի արարչագործությանը