ՍԱՊԾ-ն պարզաբանում է, թե ինչու հիմա որոշեց հետազոտել թուրքական բանջարեղենը
Թուրքիայի ու Պակիստանի կողքին վաղը կարող են հայտնվել այլ երկրներ, որտեղից Հայաստան բերված պտուղ-բանջարեղենը ևս լաբորատոր հետազոտության կենթարկվեն: Panorama.am-ին ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հենց այս երկու երկրից Հայաստան ներմուծվող պտուղ-բանջարեղենն է ենթարկվելու լաբորատոր հետազոտության:
«Դա պայմանավորված է ներմուծվող պտուղ-բանջարեղենի ռիսկայնության աստիճանով: Մենք ունենք ռիսկերի կառավարման վարչություն, որը մի շարք չափորոշիչներից ելնելով ռիսկային է գնահատում տվյալ երկիրը կամ տվյալ ապրանքը»,-ասաց Ն. Առաքելյանը՝ չհստակեցնելով, թե հատկապես ռիսկային ինչ գործոնների մասին է խոսքը:
ՍԱՊԾ ներկայացուցիչը նշեց նաև, որ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված կառավարության որոշումները սահմանվել են սանիտարահամաճարակային պահանջներ, որոնց պետք է բավարարի միության մաս կազմող Հայաստան ներմուծվող սննդամթերքը, այդ թվում և պտուղ-բանջարեղենը:
«Այս պահին աստիճանական մոտեցում է ցուցաբերվում, Թուրքիան ու Պակիստանը համարվել են առավել ռիսկային, այսինքն ԵՏՄ-ի անդամակցությամբ պահանջներ են փոխվել»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:
Արձագանքելով «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի դիտարկմանը, թե ծառայությունը նման որոշում ընդունեց ջերմոցների սեփականատերերի, պտուղ-բանջարեղան արտադրողների բողոքից հետո, Ն. Առաքելյանն ասաց.
«Բացարձակ կապ չունի, քանի որ ծառայությունում խնդրի վերաբերյալ քննարկում հրավիրվել է դեռևս փետրվարի վերջին, երբ ծառայության պետը հանձնարարել է լաբորատոր հետազոտություն անցկացնել»:
Ն. Առաքելյանը հիշեցրեց, որ խոսքն այս պարագայում վերաբերում է սանիտարահամաճարակային հետազոտությանը, բուսասանիտարական հսկողություն միշտ իրականացվել է Հայաստան ներկրվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ:
«Սա լրացուցիչ հետազոտություն է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հանձնարարականի համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 1-ից Թուրքիայի Հանրապետությունից և Պակիստանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պտուղ-բանջարեղենը սահմանված կարգով պետք է ենթարկվի լաբորատոր հետազոտության:
Համաձայն հանձնարարականի՝ Թուրքիայից և Պակիստանից ներմուծվող թարմ և թարմ սառեցված մրգերը և բանջարաբոստանային կուլտուրաները, բացի բուսասանիտարական հսկողությունից, կենթարկվեն նաև թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության: Անհամապատասխանության դեպքում բեռների ներկրումը հանրապետություն կարգելվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան