Հայաստանի պատմության թանգարանում ապրիլի 24-ին բացվելու է ցուցահանդես (լուսանկարներ)
Հայաստանի պատմության թանգարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հենց ապրիլի 24-ին բացվելու է ցուցահանդես:
Panorama.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանն ասաց, որ իրենք Հայոց ցեղասպանության 90-րդ, 95-րդ տարելիցի կապակցությամբ ցուցահանդեսներ բացել են. «Ապրիլի 24-ի ցուցահանդեսը համալրված, թարմացված է լինելու նոր նյութերով: Ներկայացվելու են Ցեղասպանությանն առնչվող ամեն ինչ՝ լուսանկարներ, ականատեսների վկայություններ, փաստաթղթեր, ինքնապաշտպանական ու կամավորական շարժումների հետ կապված զենքեր, անձնական իրեր, ինչպես նաև եղեռնից հրաշքով փրկված եզակի մասունքներ` գրքեր և այլ հիշատակներ»:
Թանգարանի տնօրենի խոսքով, որոշ ցուցանմուշներ առաջին անգամ են ցուցադրվելու:
(Լուսանկարները՝ Հայաստանի պատմության թանգարանի կայքից)
Ա. Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում Մոսկվայի պատմության թանգարանում բացվելու է «Հայաստանը քաղաքակրթության օրրան» խորագրով ցուցահանդես, մի հատված Հայոց ցեղասպանությանն է վերաբերելու: Ցուցանմուշների հիմնական մասը, ըստ նրա, տարվելու է Հայաստանի պատմության թանգարանից: