ՀՖՖ-ն կարճաժամկետ պայմանագիր է առաջարկել Վալերի Կարպինին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 46-ամյա ռուս մասնագետ Վալերի Կարպինը կարող է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: «Իզվեստիայի» տեղեկություններով՝ հայաստանյան ֆեդերացիայի ներկայացուցիչները բանակցել են մարզչի հետ՝ առաջարկելով նրան մեր երկրի հավաքականը գլխավորել մինչև Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի ավարտը:
Կարպինի թեկնածությունը պաշտպանել է նաև «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջիվան Չելոյանցը, ով ակնդետ հետևում է մեր հավաքականի ելույթներին ու կապ է պահպանում ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Ռուս մասնագետը, ի դեպ, երկարատև համագործակցություն չի պլանավորում և մտադիր է ընտրական փուլի ավարտից հետո վերսկսել ակումբային մարզչի կարիերան:
Նշենք, որ Կարպինը հաջող աշխատանքի փորձ ունի Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի ու Արաս Օզբիլիսի հետ, ովքեր նրա օրոք հանդես են եկել Մոսկվայի «Սպարտակում»:
Կարպինից բացի, ՀՖՖ-ն քննարկում է ևս երկու մասնագետի թեկնածություն: Խոսքը ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մասին է, ում օրոք մեր թիմը լավագույն արդյունքն արձանագրեց իր պատմության մեջ, ինչպես նաև հայկական ֆուտբոլի լեգենդ Սարգիս Հովսեփյանի, ով այժմ գլխավորում է Հայաստանի երիտասարդական հավաքականն ու Երևանի «Փյունիկը»:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում Կարպինի հետ բանակցությունների փաստը չեն հաստատել, բայց նաև չեն մերժել:
«Հայաստանի հավաքականի մասին ողջ տեղեկատվությունը առաջին հերթին կհայտնվի ֆեդերացիայի պաշտոնական կայքում»,- «Իզվեստիայի» թղթակցին ասել է ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը:
Մոսկվայի «Սպարտակի» լեգենդար պաշտպան Ալեքսանդր Միրզոյանը կարծում է, որ Կարպինն աշխատանքային անհրաժեշտ փորձ ունի և կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը:
«Վստահ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր գլխավոր մարզչի ընտրության հարցում լավագույն որոշումը կկայացնի և խորհրդի կարիք չունի,- ասել է Միրզոյանը:- Ինչ վերաբերվում է Կարպինին, նա «Սպարտակում» ավելի քան 5 տարի է աշխատել և մարզչական անգնահատելի փորձ ձեռք բերել: Ամեն դեպքում, ինչ էլ որ լինի, Հայաստանի հավաքականին ու Վալերի Կարպինին հաջողություններ եմ մաղթում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում