Թուրքիայից գերմանացի ֆոտոլրագրողն արտաքսվել է, որպեսզի չանդրադառնա Հայոց ցեղասպանության թեմային
Գերմանական «Der Spiegel» պարբերականի ֆոտոլրագրող Էնդի Շփյուռային թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն: Ինչպես հայտնում է թուրքական «Aktifmedya.com» լրատվականը, մարտի 28-ին գերմանացի ֆոտոլրագրողին Աթաթուրքի անվան օդանավակայանից հետ են ուղարկել Գերմանիա:
Նրա մուտքը Թուրքիա արգելել են այն պատճառաբանությամբ, թե կասկածվում է իսլամիստ գրոհային լինելու մեջ: Արտաքսված ֆոտոլրագրողը, սակայն, առաջին անգամ է նման խոչընդոտի հանդիպել, քանի որ նախկինում բազմիցս եղել է Թուրքիայում:
Դյուսելդորֆ վերադարձած և գերմանացի իրավապահների կողմից հարցաքննված ֆոտոլրագրողը հայտնել է, որ թուրքական իշխանությունների համար դեր չի խաղացել նաև Անկարայում գերմանական դեսպանության միջամտությունը:
Աղբյուրը նշում է նաև այն հավանական պատճառի մասին, ըստ որի, գերմանացի ֆոտոլրագրողին թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա, քանի որ նա պատրաստվում էր Հայոց ցեղասպանության թեմայով լուսաբանումներ անել: Մանավանդ որ նախկինում ֆոտոլրագրողը թուրքական իշխանությունների կողմից հակազդեցության էր հանդիպել նշյալ թեմային անդրադառնալու համար: