Քաղաքական որոշումների բովանդակությունը պետք է համահունչ լինի տնտեսական մարտահրավերներին. Մ.Մելքումյան
ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ չնայած հանրապետությունում տեղի ունեցան քաղաքական վայերիվերումներ, բայց իրենց ուշադրությունից դուրս չի մնացել հանրապետությունում առկա սոցիալ- տնտեսական վիճակը:
Նրա խոսքերով` ԲՀԿ քաղաքական թիմը իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահելու բոլոր խնդիրները, որոնց մասին նախկինում էլ բարձրաձայնել է:
«Մեր ծրագրային դրույթներն այսօր էլ չեն փոխվել և պատահական չէ, որ մեր օրենսդրական բոլոր նախաձեռնությունները համահունչ են դրանց»,- հայտարարեց Մ.Մելքումյանը:
Պատգանավորը մասնավորեցնելով խոսքը՝ նշեց, որ այսօր միայն տնտեսական գործընթացներով, միայն մրցակցային դաշտը բարելավելով և ներդրումային դաշտ ձևավորելով երկրում սոցիալ-տնտեսական վիճակն այնուամենայնիվ չի փոխվի:
«Հայաստանը պետք է ի վիճակի լինի քաղաքական որոշումների բովանդակությունը փոխելու և համահունչ դարձնի տնտեսական մարտահրավերներին»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:
Մ.Մելքումյանը առաջարկեց ՀՀ կառավարությանը մշակել նոր մեխանիզմ:
«Կառավարության ուշադրության կենտրոնում մի կողմից պետք է լինեն ոլորտները՝ գյուղացին իր ամենօրյա աշխատանքով մինչև մթերում և արտահանում, մյուս կողմից՝ ֆունկցիոնալ խնդիրները` հարկային, մաքսային և այլն: Մեզ չի հաջողվում այս տնտեսական խնդիրները ճիշտ համադրել քաղաքական որոշումների բովանդակության հետ: Մենք մինչև չկարողանանք սա հաղթահարել, երկրում ոչինչ չի փոխվի: Նույնիսկ հարկային արտոնությունները այն արդյունքները չեն ապահովելու, եթե միջավայր չփոխվի: Կհաջողվի ՞ մեզ այդ միջավայրը փոխել, կունենաք առաջընթաց, չի հաջողվի, ապա լուրջ խնդիրներ կունենանք»,- ասաց Մ.Մելքումյանը:
ԲՀԿ պատգամավոր կոչ արեց համատեղ աշխատել, որպեսզի երկրում ինչ-որ բան փոխվի: