Աշոտյանին կհրավիրեն ԱԺ` մեկ անգամ ևս քննարկելու 12-ամյա կրթության անցնելու հարցը
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ԱԺ այսօրվա նիստի ժամանակ քվեարկության դրեց «Կրթության մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր միջնակարգ կրթությունը դարձնել 12 տարի:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարարությունն առաջարկում է պարտադիր համարել ոչ թե 9-ամյա, այլ 12-ամյա կրթությունը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առաջարկեց հետաձգել օրենքի քվեարկությունը, քանի որ պետք է գրավոր տեքստին ծանոթանալ և դրանից հետո միայն քվեարկել. «Սա կարևոր օրենք է և պետք է տեքստը բերվի Քրիստոսի տեսքի, ապա նոր քվերակության դրվի: Պետք չէ նման հիմնարար օրենքն այդ ձևով անցկացնել»:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նկատեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ օրենքը չպետք է պարտադիր լինի. «Անընդունելի է 19-ամյա պատանուն պարտադրել 12-ամյա կրթություն ստանալ: Այս պարտադիրի գաղափարը պետք է հանել»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ նախագիծը լուրջ հակասություններ ունի, ուստի ԲՀԿ-ն առաջարկում է հետաձգել քվեարկությունը և նորից քննարկել շահագրգիռ կողմերի հետ. «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում կայացած չեն ավագ դպրոցները, և եթե ինչ-որ մեկը կասի, որ մենք ունենք կայացած ավագ դպրոց, դա բացահայտ և բացարձակ դեմագոգիա կլինի: Այս պայմաններում գնալ ռադիկալ ռեֆորմի, դրա հետևանքները լինելու են անկանխատեսելի: Եթե չեք հետաձգում քվեարկությունը, որպեսզի շահագրգիռ կողմի հետ ևս մեկ անգամ քննարկեն հարցը ու գտնեն փոխզիջումային տարբերակներ, ուրեմն` ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու այդ փոփոխությանը»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույնպես առաջարկեց հետաձգել քվեարկությունը մինչև հաջորդ քառօրյա, և այդ ընթացքում ևս մեկ անգամ քննարկել հարցը:
Գ.Սահակյանը հանձնարարեց Կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի նախագահին հրավիրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, քննարկել հարցը ևս մեկ անգամ, և վաղը միայն հարցը դնել քվեարկության:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները