Երաժիշտները, որոնք տարբեր երկրներից ժամանելու են Հայաստան, հասկանում են խնդիրը. Սմբատյան
100 երաժիշտներ աշխարհի 42 երկրից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին համերգով կոգեկոչեն զոհերի հիշատակը:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, նվագախումբը կկրի «24/04» անունը և իր առաջին ելույթով կներկայանա ապրիլի 24-ին՝ ժամը 20:15-ին, Երևանի Հանրապետության հրապարակում:
«Դա մի նվագախումբ է, որի կոնցեպտը դեռ չի եղել: Երաժիշտները, որոնք տարբեր երկրներից ժամանելու են Հայաստան, հասկանում են խնդիրը: Մենք էլ հասկանում ենք, որ այն խնդիրը, որն ունենք, եթե ճիշտ չմեկնաբանենք, ապա չենք կարող հասնել հաջողության»,- ասաց Ս.Սմբատյանը:
Նրա խոսքերով` Հայաստան ժամանող երաժիշտները աշխատում են աշխարհի լավագույն 10 նվագախմբերում:
«Շատ լավ կազմ է ընտրվել և այն նոր ընտանիքը, որը պետք է ձևավորվի ապրիլի 20-ին, վստահ եմ, որ հիանալի համերգ կունենա»,- նշեց Ս.Սմբատյանը` հավելելով, որ համերգին մասնակից երաժիշտների միայն 10 տոկոսն է ազգությամբ հայ:
Նվագախմբի ղեկավարը նաև նշեց, որ համերգի ընթացքում հնչելու է միայն հայկական սիմֆոնիկ երաժշտություն:
Նշենք, որ բեմում կլինեն բազում տաղանդավոր հայ և օտարերկրացի երաժիշտներ, մենակատարներ Մարիա Գուլեգինան, Նարեկ Հախնազարյանը, Գևորգ Հակոբյանը և Սերգեյ Խաչատրյանը, անվանի դիրիժորներ Միխայիլ Յուրովսկին, Ջանլուկա Մարչիանոն, Հովհաննես Չեքիջյանն ու Սերգեյ Սմբատյանը:
24/04-ի ստեղծման նախաձեռնությամբ Ցեղասպանություն վերապրած ժողովուրդն այսօր հիմք է դնում մասշտաբային հումանիստական ծրագրի, որով ասում է ՈՉ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ և կոչ է անում մարդկությանը` դասեր քաղել անցյալի դառը սխալներից, սթափվել՝ հասկանալով, որ այսօր բոլորիս կյանքում իսկապես պակասում է սերը, ներդաշնակությունը և հարգանքը: