Անկարայի հայկական գերեզմանատունն ավերել են ու դարձրել խնջույքի վայր
Անկարայում հայերից մնացած գերեզմանատունը գանձախույզների գործունեության հետևանքով քարուքանդ է եղել: Գերեզմանոցի ողջ տարածքով մարդկային ոսկրակտորներ են ցիրուցան եղած:
Ըստ թուրքական «Մուլքիյե հաբեր» լրատվակայքի` նշյալ գերեզմանատունն Անկարայի շրջակայքում գտնվող և ժամանակին ամբողջությամբ հայերով բնակեցված (4.000 բնակիչ) Իսթանոզ ավանի միակ պահպանված հայկական գերեզմանատունն էր:
Աղբյուրը հայտնում է, որ Անկարայի Սինջան շրջանի թաղապետարանը, որի ենթակայության տակ է գտնվում գերեզմանատան տարածքը, տարիներ առաջ տապանաքարերը տեղափոխել է թաղապետարանի այգի` հիմնելով «բաց երկնքի թանգարան»: Դրանից որոշ ժամանակ անց, ըստ տարածված տեղեկությունների, նշյալ շիրմաքարերը տեղափոխվել են Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարան:
Հայկական գերեզմանատան տարածքը մի քանի տարի առաջ ցանկապատվել է, սակայն անհրաժեշտ պահպանություն չիրականացվելու պատճառով այդ ցանկապատերից գրեթե ոչինչ չի մնացել: Գերեզմանատան մի հատվածն էլ միացվել է շրջակայքում հաստատված բնակիչների այգիներին:
«Գերեզմանները գանձախույզների պատճառով այժմ քարուքանդ վիճակում է. ողջ տարածքում ցիրուցան եղած ոսկորներ են: Սա կարծես քիչ էր, շաբաթվա վերջին գերեզմանոցը խնջույքի վայր դարձնողներ էլ կան»,- գրում է թուրքական լրատվամիջոցը