Արգենտինական ԶԼՄ-ներ. Գանձասարին նայելիս դժվար է հավատալ, որ շփման գիծն այդքան մոտ է
Ղարաբաղյան պատերազմին վերջ դրած հրադադարից ավելի քան 20 տարի անց Լեռնային Ղարաբաղը պայքարում է իր անկախության ճանաչման համար` չնայած նրան, որ ունի հայ բնակչություն, լեզու, արժույթ և նշանակալից չափերի ֆինանսավորում Երևանից: Այս մասին գրում է արգենտինական Clic de Noticias տեղեկատվական կայքը` հղում անելով Telam-ի հոդվածին:
«Համընկնումներն այսքանով չեն ավարտվում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի միևնույն դրոշը, ինչ Հայաստանը` բացառությամբ փոքրիկ ճերմակ գոտու, որն այն զատում է աջ կողմում: Ինչպես դա բացատրում են կառավարությունում, այդ բաժանումը խորհրդանշում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի տարանջատումը, իսկ ճերմակ գույնը` «երազանք», որ մի օր այդ ճեղքը կհաղթահարվի»,- ասված է հոդվածում:
Ինչպես նշված է նյութում, Լեռնային Ղարաբաղում թովիչ բնապատկերներ են ու քրիստոնեական մշակութային ժառանգություն, սակայն այն հարուստ չէ բնական ռեսուրսներով և համաշխարհային աշխարհաքաղաքականության համար առանցքային կետ չէ: Այնուհանդերձ, 80-ականների վերջից ի վեր` սույն տարածքը վերածվել է լարվածության ու բռնության գոտու, ինչը հանգեցրել է շուրջ 30 հազար մարդու մահվան պատճառ հանդիսացած պատերազմի, իսկ փխրուն զինադադարը մինչ օրս էլ խախտվում է:
Հոդվածում հիշատակվում է, որ այդ հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են «միացման» պահանջներով քաղաքական շարժումներ: Այդ ժամանակ ողջ տարածաշրջանը Խորհրդային Միության մի մասն էր: 1921 թվականին Իոսիֆ Ստալինը որոշել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, այլ ոչ Հայաստանի` չնայած նրան, որ բնակչության մեծ մասը հայեր էին: 1991-ից, երբ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հայտարարեցին իրենց անկախության մասին, պատերազմն ավիրեց այս տարածքը ընդհուպ մինչև 1994-ին հրադադարի պայմանագրի կնքումը:
Հեղինակը նկատում է, որ «Լեռնային Ղարաբաղ» անվանումն արմատներ ունի երեք լեզուներից. «լեռնային»` ռուսերենից, «Ղարա»` «սև»` թուրքերենից, իսկ «բաղ»` «այգի»` պարսկերենից: «Հայերը կիրառում են այս անվանումը, միայն երբ զրուցում են օտարերկրացիների հետ, իսկ իրենց համար, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության խոսքրերով, այս «սուրբ հողն» անվանվում է «Արցախ»` որպես հին հայկական միջնադարյան թագավորության տասներորդ գավառ»,- գրում է կայքը:
Հոդվածում ասվում է, որ հայկական կառավարության հրավերով Telam-ի լրագրողն այցելել է «փոքր հանրապետություն` կանաչ լեռներով, որոնց մի մասի գագաթները պատված են ձյունով, որտեղ տեղակայված են փոքր գյուղեր»:
Մայրաքաղաք Ստեփանակերտի ճանապարհին ամրացված բազմաթիվ պաստառներին գրված է, որ ենթակառուցվածքի այս կամ այն հատվածը վերանորոգվել է «հայերի մասնակցությամբ»:
«Սետփանակերտի կենտրոնը վերջին երկու տասնամյակների ընթացքում աճի ու զարգացման հիմնական խորհրդանիշն է: Լայն ու մաքուր փողոցներ, վերջերս կառուցված շինություններ, խանութներ ու ֆուտբոլային մարզադաշտ` խաղաղ կենտրոնական հրապարակից ընդամենը մի քանի թաղամաս հեռավորությամբ, որտեղ էլ իր հերթին աչքի են ընկնում հենց այն բանկերը, որոնք զարդարում են Հայաստանի կենտրոն Երևանի փողոցները: Նորացված հատվածը ժամանակակից է և ունի եվրոպական տեսք, սակայն իսկույն նկատելի է, որ բոլոր խանութներն ու բանկերը տեղական են ու հայկական: Փոքր սուպերմարկետներում կան եվրոպական ու ամերիկյան արտադրանքներ, առավելապես` քաղցրավենիք ու ըմպելիքներ, սակայն ուտելիքի ճնշող մեծամասնությունը ռուսական կամ հայկական է»,- նշված է հոդվածում:
Հոդվածում մատնանշվում է, որ ներկայումս պատերազմի հետևանքով թե´ այստեղ, թե´ Հայաստանում կան փախստականներ: Սակայն Շուշի քաղաքում դեռևս պահպանվել են 18-19-րդ դդ. մզկիթները: Ղարաբաղի հայերը կենտրոնացած են միջնադարյան վանքերի ու հայ առաքելական եկեղեցու դպրոցների պահպանման գաղափարի վրա: Պահպանված վաղագույն վանքային համալիրը հրաշագեղ Գանձասարն է` 13-րդ դարի, որտեղ պահպանվել է հայկական եկեղեցիների պարզ ու խիստ ոճը: Այն կառուցված է լեռան վրա և շրջապատված է տարբեր ժամանակաշրջանների փոքր գերեզմանատներով:
«Սևեռվելով այդ գողտրիկ բնապատկերի վրա` դյուրին է մոռանալ, որ այս փոքրիկ ու գեղատեսիլ վանքը տեղեկայված է մոտ մեկ ժամվա ճանապարհի վրա Ադրբեջանի հետ շփման ռազմական գոտուց, որտեղ կրակոցներն ու գույժերը դեռևս նորմ են, այլ ոչ թե բացառություն»,- գրում է հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան