Բաքվում արագորեն ձերբազատվում են մանաթից
Օրեր առաջ Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովի՝ լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու վերաբերյալ հայտարարությունից հետո հասարակության շրջանում խուճապային տրամադրությունները ոչ միայն չնվազեցին, այլև համընդհանուր բնույթ ստացան:
Ադրբեջանական baku.ws գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի բազմաթիվ փոխանակման կետեր փակվել են: Պատճառն այն է, որ բնակչության շրջանում մանաթի նոր արժեզրկման հավանականության պատճառով խուճապ է և մարդիկ փորձում են ամերիկյան դոլար ձեռք բերել: Խուճապի պատճառը մանաթի ևս 10 կոպեկով արժեզրկման մասին շշուկներն են, համաձայն որոնց մանաթի փոխարժեքը դոլարի նկատմամբ 1.05-ից դառնալու է 1.15-ի:
Արդյունքում, փոխանակման կետերի փակվելը ավելի է խորացրել իրարանցումը մարդկանց շրջանում, ովքեր ամբողջ ուժով փորձում են ձերբազատվել ազգային արժույթով խնայողություններից:
Փետրվարի 21-ին Ադրեջանի Կենտրոնական Բանկի կողմից մանաթը 34% արժեզրկելուց հետո անցել է մեկուկես ամիս, սակայն ավելի հաճախ է շրջանառվում «սև շաբաթի» կրկնվելու հավանականության մասին:
Բնակչության շրջանում առկա հոռետեսական են սպասելիքները ամենևին հիմնազուրկ չեն: Օրեր առաջ Ադրբեջանի ԿԲ նախագահ Էլման Ռուստամովը հայտարարել է ամբողջությամբ լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու մասին՝ շեշտելով, որ առայժմ ԿԲ-ն կշարունակի ինտերվենցիաներ կատարել փոխարժեքի կտրուկ տատանումներ թույլ չտալու համար:
Ինտերվենցիաների ծավալի վերաբերյալ Էլման Ռուսատամովի հայտարարությունը նման է խոստովանության առ այն, որ «սև շաբաթը» կրկնվելու մեծ հավանականություն ունի: Նրա խոսքով՝ փետրվարի 21-ից հետո ԿԲ-ն 1 մլրդ դոլարի ինտերվենցիա է կատարել պահելու համար փոխարժեքը: Այսինքն ադրբեջանական մանաթը 34% դեվալվացիայի ենթարկելուց հետո ներկայիս փոխարժեքը շատ հեռու է հավասարակշռված լինելուց և դրա պահպանումը չափազանց թանկ է նստում ԿԲ-ի վրա: Հիշեցնենք, որ կտրուկ արժեզրկմանը պատճառը նաև այն էր, որ ԿԲ-ի համար փոխարժեքի նույն մակարդակում պահումը ամսեկան արժենում էր 1.1 մլրդ դոլար:
Այսինքն՝ դեկտեմբերից սկսված ԿԲ-ի պահուստների մսխման գործընթացը նույն տեմպերով շարունակվում է նաև այսօր, իսկ լուծումը, թեև ցավոտ, բայց արդեն մատնանշվել է ԿԲ նախագահի կողմից՝ անցումը լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ինչին միանգամից անցնելու դեպքում, Ռուստամովի խոսքով, մանաթը դոլարի նկատմամբ կարժեզրկվի 20-30%-ով, ինչը մեծ անախորժություններ կառաջացնի տնտեսության համար:
Բավական է նշել, որ լողացող փոխարժեքի պարագայում մանաթը ծայրաստիճան զգայուն կդառնա նավթի գների տատանումներից, ավելի զգայուն քան ռուսական ռուբլին: Սա բացատրվում է նրանով, որ նավթի արտահանումը ավելի մեծ տեսակարար կշիռ ունի Ադրբեջանի թե՛ պետբյուջեի եկամուտների ձևավորման, թե արտաքին առևտրի մեջ, քան՝ Ռուսաստանի պարագայում:
Մանաթի էլ ավելի արժեզրկման մասին լուրերը ձնագնդի էֆեկտով մեծացնում է դոլարիզացիայի մակարդակը երկրում, ինչի մասին բացահայտ հայտարարում է ԿԲ-ն՝ խոստովանելով, որ դոլարիզացիայի նման տեմպը կշարունակվի նաև առաջիկա 2 ամիսներին:
Պատճառը հստակ է, փետրվարի 21-ին մեկ գիշերվա ընթացքում ազգային արժույթով պահվող հասարակության խնայողությունները պակասեցին 1/3-ով, ինչի արդյունքում ադրբեջանական «կայուն մանաթի» միֆը փլուզվեց:
Նախորդ տարեվերջին, երբ հետխորհրդային երկրների մեծամասնության ազգային արժույթները կտրուկ արժեզրկման ենթարկվեցին, Ադրբեջանի իշխանությունը մանաթի կայուն վարքագծի ֆենոմենը ներկայացնում էր իբրև կայուն տնտեսական զարգացման ապացույց, իսկ ահա ամիսներ անց ԿԲ-ի ղեկավարը խոստովանում է, որ նավթի գների նվազումը կբերի մանաթի էլ ավելի մեծ արժեզրկման:
Արդյունքում, երբ հայկական դրամն ու ռուսական ռուբլին կայունացել են, ադրբեջանական մանաթի ճակատագիրը մնում է անորոշ՝ ասել է թե, բացասական կանխատեսմամբ:
Հակոբ Սաֆարյան, տնտեսագետ