Իրանը երկու միավոր ռազմանավ է ուղարկել Ադենի ծոց՝ Եմենի ափամերձ ջրային տարածքներ
«Իրանի բանակի ռազմածովային ուժերը երկու միավոր ռազմանավ են ուղարկել Ադենի ծոց՝ Եմենի ափամերձ ջրային տարածքներ»,-այդ մասին հաղորդում է «BBC» լրատվական գործակալության իրանական ծառայությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբօլլահ Սայյարին հայտարարել է, որ որտեղ, որ անհրաժեշտ լինի իր ղեկավարած ուժերը կարող են ներկայություն ունենալ:
Հիշեցնենք, որ շուրջ երկու շաբաթ առաջ, երբ Սաուդյան Արաբիան օդային հարձակումներ իրականացրեց Եմենի ուղղությամբ, արժանացավ պաշտոնական Թեհրանի խիստ քննադատությանը: Եմենի հարցը չշրջանցվեց նաև նախօրեին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհմմադ Ջավադ Զարիֆը Եմենի հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով այսօր մեկնել է Օման և Պակիստան: