Հենրի Թերիո. Հայաստանն այսօր տառապում է ցեղասպանության հետևանքներից
Panorama.am-ը զրուցել է Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խմբի (AGRSG) ղեկավար, ԱՄՆ-ի Ուորքեսթերի Համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան և պրոֆեսոր Հենրի Թերիոյի հետ: Խումբը վերջերս հրապարակել է «Արդարացի լուծում. Հատուցումներ հայոց ցեղասպանության դիմաց» վերնագրով իր ամբողջական զեկույցը (անգլերեն տեքստը և համառոտագիր հայերեն տեքստը), որին մանրամասն անդրադառնում է դոկտոր Թերիոն:
-Պրոֆեսոր Թերիո, Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումներում կարծես համեմատաբար քիչ տեղ է հատկացվում հատուցումների խնդրին, մի հարց, որը մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է ձեր խմբի վերջերս լույս տեսած զեկույցը: Ընդհանուր առմամբ ի՞նչ աջակցություն է վայելում հատուցումների հարցը և որքա՞ն արդիական է այն այսօր:
-Հատուցումների հարցն ավելի մեծ կարևորություն և անդրադարձ է ստացել վերջերս: Սա վերաբերում է ո՛չ միայն Հայոց ցեղասպանությանը, այլև մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ այլ դեպքերին ողջ աշխարհում: Հետևաբար, կարևոր է ներկայացնել Հայոց ցեղասպանության հարցը ավելի լայն ոլորտի՝ ցեղասպանագիտության համատեքստում, որտեղ բազմաթիվ դեպքեր միասին են քննվում:
Հարցը ո՛չ թե մի առանձին խմբի մասին է, որը մտահոգված է միայն իր պատմությամբ, այլ այն ներկայացվում է շատ ավելի մեծ խնդիր պատմության մեջ, որը վերաբերում է աշխարհում բոլորին: Ես կապում եմ Հայոց ցեղասպանության հարցը մարդու իրավունքների, սոցիալական արդարության, քաղաքացիական իրավունքների և գենդերային հարցերի հետ ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում: Մեր զեկույցը կիրառելի է նաև այլ խմբերի համար, քանի որ մենք փորձել ենք ներկայացնել մի համընդհանուր դեպք:
Եթե մոտ մի տասը տարի առաջ հայերից շատերը չէին դիտարկում հատուցումների խնդիրը որպես քննարկման արժանի գործնական հարց, ապա հատկապես վերջին հինգ տարիների ընթացքում այս ուղղությամբ մեծ տեղաշարժ է գրանցվել: Հիմա հայկական համայնքում շատ մեծ հետաքրքրություն և պատրաստակամություն կա հետամուտ լինելու հատուցումների հարցին, շատ ավելի, քան մենք ակնկալում էինք մեր խմբի աշխատանքները սկսելիս: Օրինակ՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) մեծապես փոխել է իր ռազմավարությունը՝ շեշտը տեղափոխելով ճանաչման հարցից հատուցումների հարցի վրա: Հատուցումների թեմայով հիմա սկսել են զբաղվել բազմաթիվ հայ գիտնականներ, շատ հետազոտություններ են իրականացվել և գրքեր հրատարակվել: Թուրքիայում նույնպես այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում (մասնավորապես նշեմ Մեհմետ Փոլատելի և Ուգուր Ունգորի աշխատությունը):
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից վերջերս ընդունված համահայկական հռչակագիրը նույնպես խոսում է հատուցումների մասին: Այնտեղ մասնավորապես գրված է. «մշակ[վ]ում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»: Այսպիսով, դրական տեղաշարժ կա այս ուղղությամբ:
-Զեկույցի 3-րդ և 8-րդ գլուխները նշում են հատուցումների համապարփակ փաթեթի համար անհրաժեշտ քայլերը, որոնք են` ճանաչումը, ներողությունը և գույքի վերադարձը: Ո՞րն է այս քայլերի հաջորդականությունը: Արդյո՞ք փոխհատուցումը կարող է քննարկվել միայն ճանաչումից հետո, թե՞ պետք է միառժամանակ բարձրացնել փոխհատուցումների հարցը, առանց հետաձգելու կամ սպասելու ճանաչման:
-Զեկույցի այս կետերը նշում են խնդրի տարբեր հիմնական ասպեկտները, բայց դրանց հերթականությունը ժամանակային չէ: Մենք ներառել ենք ճանաչումը որպես հատուցումների գործընթացի մի մաս, քանի որ կարծում ենք, որ եթե չլինի հանցագործությունն իրականացրած խմբի և այլոց կողմից ճանաչում, վտանգ կա, որ նյութական փոխհատուցումների հարցը կարող է չեզոքացվել: Ինչպես շեշտում է զեկույցի համահեղինակներից մեկը՝ Ջերմեյն Մաքքալփինը, փոխհատուցումը «լռեցնելու նպատակով տրվող կաշառք» չէ: Ճիշտ հակառակը` այն իմաստ ունի միայն երբ բոլոր կողմերն ընդունեն այն վնասը, որ հասցվել է և հասկանան, թե ինչու և ինչպես են տվյալ հատուցման միջոցները վերականգնում արդարությունը: Սա հատկապես վերաբերում է տարածքների խնդրին:
Միևնույն ժամանակ մենք ընդգծում ենք, որ միայն ճանաչումն ու ներողությունը որպես այդպիսին կամ որպես վերջնական նպատակ, բացարձակապես բավարար չեն: Ճանաչումն առանց հատուցման ամենևին չի նպաստում արդարության վերականգնմանը: Այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք փոխհատուցումը որպես ամենակենտրոնական խնդիր, որը ներառում է ինչպես նյութական, այնպես էլ սիմվոլիկ գործողություններ, որոնց միայն մի մասն է հանդիսանում ճանաչումը: Իսկ ճանաչման հասնելու համար փոխհատուցումների հարցը զիջելը հին և շատ խնդրահարույց մոտեցում է:
Սակայն մենք նաև պետք է հիշենք, որ Թուրքիայի հանրապետության կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մեծագույն պատճառն այն է, որ նրանք վախենում են, որ ճանաչմանը անմիջապես կհետևի փոխհատուցումների պահանջը: Կարծում եմ դա՛ է հենց նրանց ամենաառաջին մտահոգությունը: Սա պարզորոշ կերպով երևաց հայ-թուրքական արձանագրություններում: Շատ խոսուն էր այն փաստը, որ այնտեղ արծարծված փոքրաթիվ հարցերի մեջ տարածքների հարցը՝ մասնավորապես սահմանների ճանաչումը, Թուրքիայի օրակարգում առաջնային հարցն էր: Այսպիսով, մենք պետք է շատ զգույշ լինենք Թուրքիայի հետ ցեղասպանության թեմայով ցանկացած քաղաքական քննարկումներում փոխհատուցման խնդիրը բարձրացնելու հարցում:
-Իսկ ճանաչում ասելով նկատի ունեք նախ և առաջ ճանաչում Թուրքիայի՞, թե՞ միջազգային հանրության կողմից:
-Ի վերջո և՛ Թուրքիայի, և՛ միջազգային հանրության կողմից: Թուրքիայի քաղաքացիական հասարակության շատ անդամներ այսօր ճանաչում են ցեղասպանությունը, սակայն իրական հարցն այն է, թե ինչը կստիպի Թուրքիային պաշտոնապես այն ճանաչել: Պատմականորեն (Ավստրալիան որպես բացառություն) երկրները ճանաչել են ցեղասպանությունները կամ մարդու իրավունքների զանգվածային խախտումները միայն այն դեպքերում, երբ արտաքին դերակատարները նրանց ստիպել են դա անել: Այսպիսով, միջազգային հանրությունը ճանաչումն առաջ տանելու հարցում մեծ դեր ունի: Ավելին, Հայոց ցեղասպանությունը միայն հայ-թուրքական խնդիր չէ: Ըստ Ռաֆայել Լեմկինի, ով սահմանել է ցեղասպանություն տերմինը, ցեղասպանությունն իր հետքն է թողնում համայն մարդկության վրա, հետևաբար այն ողջ մարդկության մտահոգությունը պետք է լինի:
-Ձեր զեկույցը ներկայացնում է հայերին հասանելիք ֆինանսական, նյութական և տարածքային փոխհատուցումների մանրամասն հաշվարկ: Ի՞նչ տվյալների հիման վրա են արվել այս հաշվարկները: Որքա՞ն իրատեսական են դրանք:
-Զեկույցում մենք նախևառաջ փորձել ենք ներկայացնել թվեր հիմնված պատմական տվյալների և ցեղասպանությունից անմիջապես հետո արված աշխատանքների վրա, որոնք ներառում են ուղիղ տվյալներ ցեղասպանության գործընթացի վերաբերյալ: Մենք օգտվել ենք օրինակ Փարիզի խաղաղության կոնֆերանսի տվյալներից, որը պատմական փորձ էր հաշվառել հայերի կորուստները և փոխհատուցումների փաթեթը՝ հիմնված փաստերի վրա: Մենք նաև օգտագործել ենք Նյու Յորք Լայֆի մեթոդը զոհվածների մոտավոր փոխհատուցման պատշաճ չափը պատկերացնելու համար: Իհարկե «պատշաճ» ասելով նկատի չունենք, որ մարդկային կյանքերի կորուստը կարող է երբևէ փոխհատուցվել-այս հաշվարկն անհրաժեշտ է, քանի որ փոխհատուցվելիք միջոցները կարող են աջակցել ՀՀ-ում, սփյուռքում և Թուրքիայում ապրող հայերին որպես խումբ և տրամադրել այնպիսի ռեսուրսներ, որոնք կարող են ուժեղացնել հայերի անվտանգությունը, ինքնությունը և բարօրությունը՝ հաշվի առնելով ցեղասպանության շատ մեծ բացասական ազդեցությունը հայության վրա այսօր:
Ինչ վերաբերում է տարածքային փոխհատուցմանը, մենք առաջ ենք քաշել մի բանաձև, որը ներկայացնում է իրատեսական մոտեցում Վիլսոնյան սահմաններին: Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը (այս հարցին անդրադառնում է Արա Պապյանը) նույնպես ներկայացնում է մանրամասն մի գործընթաց, որը սահմանել է վերապրած հայ ժողովրդի վերականգնման և կենսունակության համար անհրաժեշտ տարածքները: Պետք է ընդգծել հենց այս կարիքի կարևորությունը, քանի որ Հայաստանի հանրապետությունը ներկայումս տառապում է ցեղասպանության հետևանքներից: Մենք չպետք է մոռանանք, որ զրկանքները և ռեսուրսների պակասը Հայաստանում այսօր մեծ մասամբ ցեղասպանության ուղղակի արդյունք են:
Իհարկե տարածքների վերադարձը շատ բարդ հարց է: Զեկույցում մենք առաջարկում ենք չորս հնարավոր մոտեցումներ այս հարցին, որոնք ներառում են երեք տարբեր տարածքային բաժանումներ և մի այլընտրանքային քաղաքական մոտեցում, որը կարող է աշխատել այս բաժանումներից յուրաքանչյուրի պարագայում:
Իսկ թե որքան իրատեսական են առաջարկվող ֆինանսական փոխհատուցումները, պետք է ասեմ, որ մեր առաջարկածը սահմանափակ և չափավոր հաշվարկ է. թվերը որ ներկայացնում ենք շատ խելամիտ են և ըստ էության արտահայտում են միջին կետ: Անշուշտ կան ավելի բարձր թվերով հաշվարկներ, որոնք նույնպես օրինական են:
- Ինչպե՞ս է ներկայիս Հայաստանի հանրապետությունը տուժում ցեղասպանության հետևանքներից: Կարո՞ղ է արդյոք փոխհատուցումը իրապես բարելավել ներկայիս իրավիճակը:
-Սա շատ մեծ թեմա է, բայց առանձնացնեմ երկու հիմնական կետ: Առաջինը, երբ Աթաթուրքը ռազմական ճանապարհով բռնազավթեց 1918թ.-ի Հայաստանի Հանրապետության հողերի զգալի մասը, իսկ մնացած մասին հարկադրեց միանալ Սովետական միությանը, դա ո՛չ միայն կրճատեց հայկական բնակչության թիվը, (քանի-քանի հայեր արտագաղթեցին Ռուսաստան միայն), այլև հանգեցրեց մի իրավիճակի, երբ Հայաստանը այլևս չէր կարող ապահովել ավելի մեծ թվով բնակչություն կամ զարգացնել այնպիսի գյուղատնտեսություն, որն անհրաժեշտ է լիարժեք անկախության համար: Հետևաբար ցեղասպանության ժառանգության բացասական ազդեցությունը բավականին տեսանելի է այսօր: Բայց դա դեռ ամենը չէ. մենք չպետք է մոռանանք, որ Վիլսոնյան իրավարար վճիռը սահմանել էր հայերի համար ցեղասպանության առնվազն մասնակի փոխհատուցում, սակայն Թուրքական ազգայնական շարժումը, որը հիմք է դրել ներկայիս Թուրքիայի հանրապետությանը, իրեն կցեց հայերի համար սահմանված այս տարածքների մի մասը, որոնք պատկանում էին Առաջին հանրապետությանը. այդպիսով Թուրքիան ըստ էության զրկեց Հայաստանին իրեն հասանելիք փոխհատուցումներից:
Երկրորդ հանգամանքը, որ պետք է ընդգծել այն է, որ Թուրքիան ներկայումս վտանգ է ներկայացնում Հայաստանի համար: Վերհիշենք միայն 1990թ.-ի շրջափակումը, երբ Թուրքիան խոչընդոտում էր ԱՄՆ-ից ուղարկվող սննդամթերքի փոխադրմանը – դա պարզապես սկանդալային էր: Թուրքիան նաև ի վիճակի է էական ազդեցություն ունենալ այսօր Հայաստանի հանրապետության վրա և երկրին տնտեսական ու քաղաքական վնաս պատճառել: Ադրբեջանին աջակցելն իր հերթին հարցի մեկ այլ ասպեկտ է: Այս ամենն արդյունք է այն բանի, որ ցեղասպանությունը ճանաչված չէ և որ փոխհատուցում չի եղել: Կարո՞ղ էր օրինակ Գերմանիան այսպես վարվել Իսրայելի հետ: Հետևաբար եթե խոսում ենք անհրաժեշտ տարածքը հաշվարկելու մասին, պետք է կենտրոնանանք այն հարցի վրա, թե ինչի կարիք ունի Հայաստանը, որպեսզի երկարաժամկետ կտրվածքով կենսունակ լինի իր բնակչության, ինչպես նաև Թուրքիայում և սփյուռքում ապրող այն հայերի համար, ովքեր կցանկանան վերադառնալ և բնակվել Հայաստանում: Տարածքային հարցը միայն պատմական արդարության հարց չէ, այն մարդու իրավունքների շատ օրինական հարց է այսօր: Իրավիճակը վերլուծելով ես հանգել եմ այն եզրակացության, որ Հայաստանի հանրապետության հետագա կենսունակությունը որպես անվտանգ և հարատև տուն ողջ հայության համար կախված է տարածքային փոխհատուցումներից:
-Ձեր խոսքերից կարո՞ղ ենք եզրակացնել, որ ներկայիս Հայաստանի հանրապետությունը երկարաժամկետ կտրվածքով կենսունակ չէ ողջ հայ ժողովրդի գոյատևումն ու բարգավաճումն ապահովելու համար և որ ցեղասպանության փոխհատուցման հարցը Հայաստանի և հայության անվտանգության հարցն է մեծ հաշվով:
-Այո, դա այդպես է…
Հարցազրույցը` Նվարդ Չալիկյանի
Հարցազրույցի շարունակությունը հասանելի է այս հղումով` Հ. Թերիոն փոխհատուցումների զեկույցի մասին. «Ադրբեջանի վերաբերմունքը հայերի հանդեպ Ցեղասպանության անպատժելիության արդյունք է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան