Թուրքիայի իշխող կուսակցությունը պատգամավորի հայ թեկնածու է առաջադրել
Հունիսի 7-ին տեղի են ունենալու Թուրքիայի 25-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները: Թուրքիայի քաղաքացի, հայազգի Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու:
Թուրքական «Հաբերլեր» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Եսայանը թեկնածու առաջադրվելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել մարտի 20-ին: Իսկ նախօրեին ԱԶԿ-ի կողմից հրապարակված թեկնածուների վերջնական ցուցակից պարզ դարձավ, որ ազգությամբ հայ քաղաքացու թեկնածությունը հաստատվել է:
Ընդհանուր առմամբ Ստամբուլի երեք ընտրական շրջանների համար ԱԶԿ-ն առաջադրել է 88 թեկնածու: Մարգար Եսայանն առաջադրվել է երկրորդ ընտրական շրջանում և թեկնածուների ցուցակում զբաղեցրել 12-րդ տեղը: Եթե Եսայանը ընտրվի, ապա նա կլինի ԱԶԿ-ի պատմության մեջ առաջին հայ պատգամավորը:
Մարգար Եսայանը 1997-ից թղթակցել է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթին, իսկ 2006-ին թերթում սկսել է վարել «Նեղ դուռ» (Dar Kapı) խորագրով սյունյակը: 2004թ. և 2007թ. լույս են տեսել նրա հեղինակած երկու գրքերը, որոնցից առաջինը՝ «Ներկայի նեղ սենյակը» («Şimdinin Dar Odası») արժանացել է հատուկ մրցանակի: Եսայանն աշխատել է նաև թուրքական ընդդիմադիր «Թարաֆ» թերթում որպես սյունակագիր, համակարգող, իսկ որոշ ժամանակ նաև՝ գլխավոր խմբագիր: Սկսյալ 2013-ից թղթակցում է թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» պարբերականին: