«ANSA.it». Հայաստանն ու Իտալիան խորացնում են տնտեսական հարաբերությունները
Իտալական առաջատար «ANSA Nuova Europa» լրատվական գործակալությունը անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Իտալիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցին:
«Հայ-իտալական հարաբերությունների վերածնունդը սկսվելու է Հռոմից: Քաղաքականությունը, տնտեսությունը, մշակույթը, կրթությունը լինելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ապրիլի 9-ից մեկնարկող պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվող քննարկումների գլխավոր թեմաների շարքում»,- գրում է իտալական գործակալությունը:
Գործակալության հետ զրույցում Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը նշել է, որ սպասվում է երկկողմ ինտենսիվ հանդիպումներով պաշտոնական այց: Նախատեսված է ՀՀ նախագահի հանդիպումները Իտալիայի նախագահի, վարչապետի և մի շարք այլ պաշտոնյաների հետ, իսկ քննարկումների հիմնական թեման վերաբերելու է գլխավորապես տնտեսական բնույթի խնդիրներին:
«Մենք պաշտոնական Հռոմին առաջարկում ենք իր մասնակցությունը ունենալ Հայաստանի տնտեսության առողջացման շարունակական գործընթացին` միաժամանակ առաջարկելով գերազանց հնարավորություններ իտալական ընկերությունների գործառնման համար»,-գործակալության հետ զրույցում նշել է դեսպան Ղազարյանը:
ANSA-ի փոխանցմամբ` դեսպանը շեշտել է, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին` հայ-իտալական առևտրաշրջանառության ծավալները վերջին տարիներին նկատելի աճ են արձանագրել:
Մասնավորապես` առևտրաշրջանառությունը 2010 թվականին եղել է շուրջ 127,4 մլն դոլար, իսկ 2014-ին աճել է` հասնելով 214,5 մլն դոլարի: Ավելացել է նաև Հայաստանից արտահանումը` 2010 թվականի 4,814 մլն դոլարից արդեն 2014թ-ին հասնելով 34,5 մլն դոլարի:
Ինչպես նշում է գործակալությունը` դեսպան Ղազարյանը կարևորել է հայ-իտալական առևտրական հարաբերությունների խորացումը և վստահություն հայտնել, որ կողմերը չեն բավարարվելու եղած արդյունքներով, այլ շարունակելու են էլ ավելի ընդլայնել երկու երկրների միջև տնտեսական կապերը: Այդ գործում, ինչպես փոխանցում է գործակալությունը, Ս. Ղազարյանը շեշտել է նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առավելությունները և թե ինչպես այդ ամենը կարող է ծառայեցվել հայ-իտալական տնտեսական հարաբերությունների բարելավմանը:
Գործակալության հետ զրույցում դեսպան Ղազարյանը խոսել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և բիզնես նախագծերի հայկական հաջող փորձերի մասին` ընդգծելով այդ ոլորտում վերջին տարիներին Հայաստանի ունեցած առաջընթացը:
Գործակալության փոխանցմամբ` դեսպանի խոսքով այդ ոլորտներում համագործակցության հիմնումը նույնպես լինելու է իտալացի գործընկերներին ներկայացվող հայկական կողմի առաջարկների շարքում:
Գործակալությունը նշում է, որ Հայաստանի նախագահը ապրիլի 12-ին ներկա է լինելու Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագին, ինչը, ըստ գործակալության, ևս մեկ անգամ լավ հնարավորություն է մարդկության ուշադրությունը հրավիրել 1915 թվականի ողբերգական դեպքերի վրա:
Նախորդող հրապարալումներ`
Սերժ Սարգսյան. Ցավոք սրտի, շահերը խոչընդոտում են միջազգային հանրությանը պայքարել չարիքի դեմ
Սերժ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարարին
Մենք հայրենիքում հպարտանում ենք ձեզնով. Նախագահ Սարգսյանը՝ Լիբանանում ծառայող հայ խաղաղապահներին
Իտալիայի նախագահ. ԵՏՄ անդամակցությունը նոր հեռանկարներ է բացում Հայաստան - Իտալիա հարաբերությունների զարգացման համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները