Աշխարհահռչակ տիկին է, և կարծում եմ, որ մենք պիտի արժանապատիվ ընդունելություն ցույց տանք. ԱԺ նախագահը` Քարդաշյանի մասին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե արդյոք հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պետական ընդունելության արժանանալու է, թե ոչ:
Հարցին, թե վարչապետը հանդիպել է նրա հետ, արդյոք ԱԺ նախագահն էլ կհանդիպի` ասաց, որ իր օրակարգում նման բան չկա:
«Քարդաշյանն ամբողջ աշխարհում հայտնի անձնավորություն է, և մենք հպարտ պիտի լինենք: Այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանն է»,- ասաց Գ.Սահակյանը:
ԱԺ նախագահի խոսքերով` հայերը սիրում են ամեն ինչի մասին բամբասել, ամենավատ բանը քարկոծել, հետո լավացնել:
«Աշխարհահռչակ տիկին է, և կարծում եմ, որ մենք պիտի արժանապատիվ ընդունելություն ցույց տանք», նշեց նա:
Դիտարկմանը, թե կիսում է տեսակետը, որ Քիմ Քարդաշյանը այս մի քանի ժամերի ընթացքում ավելի շատ գործ արեց Հայոց ցեղասպանության ու Հայաստանի ճանաչվածության հետ կապված, քան դիվանագետներն են անում, Գ.Սահակյանը պատասխանեց. «Նրանք, ովքեր մեծ համբավ ունեն աշխարհում, օրինակ՝ Շառլ Ազնավուրը և կարելի է թվարկել, բնականաբար, մեր ազգի զավակներն են և իրենց գործունեությամբ, իրենց ճանաչելիությամբ նպաստում են նաև մեր ժողովրդի կամ երկրի հետագա բարեփոխումների ճակատագրի վրա»:
Լրագրողներից մեկը հետաքրքվեց, թե գեղեցիկ կին է համարում Քարդաշյանին. ԱԺ նախագահը պատասխանեց. «Ինձ համար բոլոր կանայք գեղեցիկ են»: