Հասան Ռոհանի. Եթե պատժամիջոցները չեղյալ չհայտարարվեն, Իրանը ոչ մի համաձայնագիր էլ չի ստորագրի
«Եթե պատժամիջոցները չեղյալ չհայտարարվեն, Իրանը ոչ մի համաձայնագիր էլ չի ստորագրի»,-այդ մասին Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահն այսօր միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա առթիվ ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով ապրիլի 2-ին Լոզանում միջուկային խնդրի հանգուցալուծման վերաբերյալ Իրանի և «5+1 խմբի» արած համատեղ հայտարարությանը, մասնավորապես նշել է. Մենք Նաթանզում շարունակելու ենք ուրանի հարստացման աշխատանքները. Ֆորդոյում ավելի քան 1000 ցենտրիֆուգ եղել է և այդքան էլ մնալու է, ինչ վերաբերում է Արաքի ռեակտորին, ապա այն գործածելու ենք դեղի արտադրության նպատակով»:
Շարունակելով խոսքը Իրանի նախագահը հավելել է. «Մենք ոչ մի համաձայնագիր էլ չենք ստորագրի, եթե համաձայնագրի ուժի մեջ մտնելու հենց առաջին օրը պատժամիջոցները չեղյալ չհայտարարվեն»:
Հավելենք, որ Լոզանում Իրանի և «5+1 խմբի» արած համատեղ հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց Եվրամիության դատարաններից մեկն Իրանի «Թեջարաթ» բանկի և 32 ընկերությունների նկատմամբ կրկին պատժամիջոցներ է կիրառել:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Իրանի և «5+1 խմբի» համատեղ հայտարարության տեքստը