Ա. Մելքոնյան. Ցեղասպանության հարցում լալկանությանը փոխարինելու է գալիս խրոխտ մոտեցումը
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը չի կարևորում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
«Կլոր տարեթիվ է, կանցնի, մտահոգություն ունեմ, որ հանկարծ մարդկանց մոտ կարող է մի հուսահատ շրջան սկսել հարյուրամյակից հետո, կարծելով թե արմատական շրջադարձ պետք է տեղի ունենար: Գոնե ես կարող եմ արձանագրել մի փաստ, 100-րդ տարելիցի նախաշեմին մենք՝ որպես ժողովուրդ հասանք մի ընդհանուր հանրային մտածողության, որտեղ ճանաչման գործընթացը, որը վերջին հիսուն տարում ուղեկցել է Ցեղասպանության խնդրին, այսօր իր տեղը զիջում է հատուցման համահայկական մոտեցմանը»,- Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Նրա խոսքով, իր համար կարևոր է գաղափարական հողի վրա գալ մի ընդհանուր համոզման, որ այլևս վաղուց ավարտվել է ճանաչման գործընթացը և մեր գլխավոր խնդիրը պետք է լինի հատուցման հարցը, որն ի սկզբանե քաղաքական իմաստով դրված է եղել Հայոց Ցեղասպանության խնդրի մեջ՝ որպես քաղաքական երևույթ:
Ա. Մելքոնյանը միշտ կողմ է եղել Ցեղասպանության հարցին լուծում տալ իրավական դաշտում, սակայն համարում է, որ այսօր դեռ չենք եկել այն համոզման, որ դատական հայց ներկայացնելու դեպքում կարող ենք հասնել լրջագույն հաջողության:
«Միջազգային իրավունքը այսօր շատ խոցելի է ու թերի: 1948 թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիան, որը կազմվել է Հայոց ցեղասպանության իրողությունների հիմքի վրա հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից, իր մեջ չի ներառում այնպիսի կարևոր մի գաղափար, որպիսին հայրենիքից ազգին զրկելու համար քրեական պատասխանատվությունն է: Ստացվում է մի շատ անհասկանալի իրավիճակ, երբ ազգին կամ կրոնական հանրությանը կյանքից ամբողջապես կամ մասնակի զրկելու գործողությունը գնահատվում է որպես Ցեղասպանություն ու քրեորեն պատժելի արարք, բայց այդ էթնոսին կամ կրոնական հանրությանը հայրենիքից, սեփականությունից զրկելը չի դիտարկվում որպես հանցագործություն: Այ դրա համար էլ մենք մինչև միջազգային իրավունքը չբարելավենք հայրենազրկում՝ պատրիոցիդ կարևոր դրույթով, դատարան մտնելը մեզ համար կարող է միայն ապահովել նյութական հատուցման իրավիճակ, այլ ոչ թե հայրենիքով հատուցման հնարավորություն»,-ասաց Մելքոնյանը:
Նա ընդգծեց, որ Կոսովոյի դեպքը հուշում է էթնիկական զտման ենթակա ազգը պետք է ունենա հայրենիք, ինչպես ձևակերպվեց արևմուտքի կողմից, այդ էթնոսը պահպանելու մտահոգությամբ:
«Ուրեմն մեր էթնոսը ևս վտանգված է և մինչև լիարժեք հայրենիք մենք չունենանք՝ Արևմտյան Հայաստանով հանդերձ, էթնիկական մեր տեսակը, բնականաբար կմնա որպես վտանգված»,-նշեց նա:
Մելքոնյանը հիշում է, որ տարիներ առաջ Հայաստանում Ցեղասպանության մասին խոսելիս ավելի շատ լալկանություն էին ցուցաբերում:
«Խորհրդային տարիներին Մոսկվայի համար շատ կարևոր էր լացն ու ողբը, որը մեկ անգամ ևս քո մեջ ներարկում էր մեծ պետության, ռուս ազգի մշտապես հովանի լինելու գիտակցությունը: Իսկ հիմա այդ մոտեցումը կամաց-կամաց փոխվում է, լալկանությանը փոխարինելու է եկել խրոխտ կեցվածքով ներկայանալու մոտեցումը, որը շատ կարևոր է»,-ասաց նա:
Այս համատեքստում նա կարևորեց, որ այսօր նշվում է նաև ինքնապաշտպանական մարտերի 100-րդ տարեդարձը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան