«Այլևս երբեք». Հայ ժամանակակից արվեստագետների խմբակային ցուցահանդես՝ ՆՓԱԿ-ում
Ապրիլի 14-ին ՆՓԱԿ-ում բացվելու է հայ ժամանակակից արվեստագետների խմբակային ցուցահանդես` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ցուցահանդեսի համար հրատարակվել է բաց հրավեր, որին ընդառաջել են մի քանի տարիքային սերունդների 39 ժամանակակից արվեստագետներ: Այս մասին Panorama.am-ին հայտում են ՆՓԱԿ-ից:
Ցուցահանդեսի խորագիրն է՝ «Այլևս երբեք», իսկ ենթախորագիրը՝ «Անցավ 100 տարի, ոգեկոչելով անցյալը, կերտենք ապագան»:
Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները բազմաբնույթ են. կան աշխատանքներ, որոնք ուղղակիորեն առնչվում են Ցեղասպանությանը, ոմանք ունեն ավելի վերացական և այլաբանական կապ նյութի հետ: Ինչպես նաև ներառված են աշխատանքներ, որոնք պարզապես այսօր կատարած ստեղծագործություններ են: Այսպիսով` ստացվել է ժամանակակից արվեստի որոշակի ընդհանրական համայնապատկեր, որը նաև անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը:
Ներկայացված աշխատանքների մեծ մասը պատրաստվել են հատկապես այս ցուցահանդեսի համար, իսկ որոշները նախապես ստեղծված գործեր են, որոնք արվեստագետի տեսանկյունից որոշակիորեն առնչվում են ցուցահանդեսի նյութին:
Ցուցահանդեսում ներառվել է վավերագրական լուսանկարների մի շարք, որը ներկայացնում է այսօր Միջին Արևելքում եզդի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանությունը: Այս հատվածը ուղղակիորեն կապվում է ցուցահանդեսի «Այլևս երբեք» խորագրին՝ ցեղասպանության դատապարտմանն ու ավելին, նրա համաշխարհային մակարդակով կանխարգելմանը: Ցուցահանդեսի համադրողն է ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը: