Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը գնելու համար նախապայման է առաջ քաշել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն գնելու համար նախապայման է առաջ քաշել, ըստ որի՝ գործարքը կկնքվի, եթե ինչ-որ մեխանիզմով ընկերության պարտքերի մի մասի մարումը երրորդ կողմն իր վրա վերցնի: Ոչ պաշտոնական տվյալներով՝ ՀԷՑ-ը կուտակել է 300 մլն դոլարից ավելի պարտք, որի մեջ ներառված չեն էլէներգիա արտադրողների նկատմամբ ունեցած պարտավորությունները: Այսինքն՝ ՀԷՑ-ի առքուվաճառքի գործարքը՝ պարտքերով հանդերձ, կկազմի շուրջ 500 մլն դոլար: Ինչը գործարքը դարձնում է, մեղմ ասած, ոչ շահավետ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Սամվել Կարապետյանի եղբորից՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանից պարզել, թե Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ը գնելու մասին լուրերը որքանով են իրական:
«Դեռ այդպիսի բան չկա, եթե այդպիսի բան լինի, մենք կասենք: Մենք դեռևս այդ թեմայով չենք զբաղվում»,- պատասխանել է ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը։