Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան. Սուրբ Պետրոսի տաճարում այս պատարագն աննախադեպ է մի քանի առումով
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն
աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել:
Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Պատարագը ոչ միայն կմատուցվի, այլև ուղիղ կհեռարձակի: Հռոմի Ֆրանցիսկոս պապը գրել է իր քարոզը և նախատեսվում է, որ պատարագից հետո նա կմոտենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին (սովորաբար, պատարագը վերջացնելուց հետո Պապը դուրս է գալիս տաճարից):
Հռոմ ժամանած լրագրողներին ներկայացնելով սպասվող պատմական իրադարձության մանրամասները՝ Սուրբ Աթոռում ՀՀ արտակագ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը նշել է, որ մատուցվելիք պատարագի ավարտին նախատեսված են նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների ելույթները:
«Սուրբ Պետրոսի տաճարում այս պատարագն աննախադեպ է մի քանի առումով. բացի վերը նշածներիցս, կարևոր է նաև առանձնացնել, որ տեղի կունենա հայկական մեռելոցի ծիսական կարգ: Պատարագը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն այն մատուցվում է աշխարհի բոլոր հայերի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է դեսպանը:
Նախատեսվում է, որ պատվիրակություններ կլինեն տարբեր մայրցամաքների երկրների հայկական համայքներից: Պատարագի ավարտին կլինի նաև Գրիգոր Նարեկացու վարդապետացման կարգ:
«Կհնչի լատիներեն ֆորմուլան և Նարեկացին կհայտարարվի Տիեզերական եկեղեցու վարդապետ»,-ասել է Միքայել Մինասյանը:
Իսկ մինչ պատարագը, ապրիլի 11-ին ևս մեկ հիշարժան միջոցառում է ծրագրված. Հին Ջուղայի ամենագեղեցիկ խաչքարի կրկօրինակը կզարդարի իտալական Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը: Խաչքարը կերտվել է 1,5 տարվա ընթացքում՝ ամբողջովին ներկայացնելով ադրբեջանցիների կողմից ավերված Հին Ջուղայի մշակութային արժեքը: Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողը կօծվի ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան