«Այն, ինչ այս պահին կատարվում է առաջնագծի տարբեր հատվածներում, «թեժ փուլ» է հիշեցնում»
«Կարծում եմ, խիստ կարևոր է այն իրողությունը, որ Ռուսաստանը հերթական անգամ մատնանշեց, որ պարտավորվում է և պատրաստ է իրագործել ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հանդեպ ստանձնած իր դաշնակցային պարտավորությունները: Կարծում եմ միայն այս հանգամանքը բավարար է, որպեսզի Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի և նրա անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայաստանի Հանրապետության հանդեպ լայնամասշտաբ ռազմական գործողությունների սանձազերծումը որևէ իմաստ չունի` ոչ քաղաքական և ոչ էլ ռազմական տեսանկյունից,- անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի`ԼՂ հիմնախնդրի և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ վերջին հայտարարություններին, «panorama.am»-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նշենք, որ Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման արդյունքներով կազմակերված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը բացառում է Ղարաբաղյան հակամարտության «թեժ փուլին» անցում կատարելու հնարավորությունը:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը միևևնույն ժամանակ հաստատել է, որ իրավiճակի սրման դեպքում Ռուսաստանը պատաստ է Հայաստանի հանդեպ կատարել ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված դաշնակցային պարտավորությունները:
«Սերգեյ Լավրովը, հավանաբար ենթադրելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ-որ չափով իր քաղաքականության մեջ պահպանել է ռացիոնալ մոտեցումը, հնչեցրեց այդ հայտարարությունը`ըստ էության իսպառ բացառելով լայնամասշտաբ պատրազմական գորողությունների վերսկսումը»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս հայտարարությունը կարելի է որակել որպես պաշտոնական Բաքվին ուղղված նախագուշացում, քաղաքագետը նշեց, որ Մոսկվայի նման մտադրությունը բացառել չի կարելի, միևնույն ժամանակ փաստելով, որ դա Կրելմի տարբեր մակարդակներով բազմիցս հնչեցված մոտեցումն է:
«Կարծում եմ, որ ՌԴ-ի այս դիրքորումը հանդիսանում է շուրջ 20 տարի փխրուն հրադադարի պահպանման պատճառներից մեկը»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
Ինչ վերաբերում է Բաքվի սադրիչ քաղաքականության վրա այս հայտարարության հնարավոր ազդեցությանը, Ս. Մինասյանը շեշտեց, որ հարկ է տարբերակել Բաքվի կողմից`մեծ պատերազմի սանձազերծման և սահմանային սադրանքների դիմելու ցանկությունների վրա ազդեցությունը:
«Լայնամասշտաբ ռազմնական գործողությունների բացառման տեսանկյունից այս հանգամանքը ազդեցություն կունենա: Ինչ վերաբերվում է շփման գծին, ապա այնտեղ իրավիճակը մի փոքր այլ է»,- նշեց մեր զրուցակիցը:
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն այս առնչությամբ նշեց, թե այս պահին կարևոր չէ, թե ինչ են հնչեցնում այս կամ այն երկրի ներկայացուցիչները, քանի որ այն, ինչ այս պահին կատարվում է առաջնագծի տարբեր հատվածներում «թեժ փուլ» է հիշեցնում, առայժմ, փոքր մասշտաբով:
«Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով, Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով դիվերսիոն գործողություններ է իրականացնում: Հատկապես «թեժ» է Արցախի հյուսիսային հատվածը, որտեղ հակառակորդի դիվերսիոն գործողություններին զուգահեռ հայկական դիրքերի ուղղությամբ, Ադրբեջանը ականանետեր, նռանականետեր է գործածում:
Ցավոք, միջազգային հանրության ուշադրությունն այս պահին այդքան էլ կենտրոնացած չէ Արցախի ուղղությամբ, իսկ Ադրբեջանն օգտագործելով նաև այս հանգամանքը, գերակտիվություն է դրսևորում»,- հավելեց Տ. Աբրահամյանը:
Քաղաքագետի խոսքերով, միջազգային հանրությունը կանխարգելիչ քայլեր չի ձեռնարկում, իսկ Ադրբեջանի գործողությունները կարող են էսկալացիոն գործընթացների հանգեցնել:
«Այսօր առավել քան երբևէ, հասարակությունը պետք է զգոն լինի ու աջակցի զինվորին, քանզի առաջնագծում հայկական զինուժն իսկապես մեծ աշխատանք է անում՝ ապահովելով երկրի անվտանգությունը»,- հավելեց Տ. Աբրահամյանը: