ՍԱՊԾ-ն դեռ չի պարզել Կապանում բրուցելոզի տարածման պատճառները
Բրուցելոզով բոլոր հիվանդները դուրս են գրվել հիվանդանոցից, նոր հիվանդներ չեն հայտնաբերվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից՝ անդրադառնալով Կապանում սպանդանոցի աշխատակիցների շրջանում հայտնաբերված հիվանդությանը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Panorama.am-ը փորձեց ճշտել, հաջողվե՞լ է պարզել հիվանդության պատճառները: ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը փոխանցեց, որ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի «Գյուղարտ» ՓԲԸ սպանդանոցի աշխատակիցների բրուցելոզ հիվանդությամբ վարակվելու կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի կողմից կատարվել է ուսումնասիրություն:
Դրա արդյունքում պարզվել է հետևյալը. «Գյուղարտ» ՓԲԸ-ն 2014 թվականի հունվարի 21-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 11-ը Հայաստանի Հանրապետության վեց մարզերից և ԼՂՀ-ից համապատասխան ուղեկցող (անասնաբուժական վկայական N1) փաստաթղթերով ընդունել և սպանդի է ենթարկել 24494 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ:
Ըստ անասնաբուժական N1 վկայականների (ուղեկցող փաստաթուղթ)` սպանդի ընդունված կենդանիները եղել են առողջ: Կենդանիների նախասպանդային զննումն և հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննությունը կատարել է «Վետ-Շին-Ֆարմ» ՍՊԸ-ն, մսեղիքի և ենթամթերքների մանրէաբանական հետազոտությունները` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ) Սյունիքի մարզային կառույցը, իսկ մորթիների սիբիրախտ հիվանդության նկատմամբ` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը: Ծառայության ուսումնասիրությունների արդյունքում բրուցելոզով վարակի նոր դեպքեր, մասնավորապես՝ սպանդանոցի այլ աշխատակիցների մոտ, չեն հայտնաբերվել. 2014 թվականի տարբեր ժամանակահատվածներում այս սպանդանոցում աշխատել է 47 աշխատակից»:
Ն. Առաքելյանի խոսքով, քանի որ «Գյուղարտ» սպանդանոցում վերջին անգամ մորթ իրականացվել է դեռևս 2014 թ-ի նոյեմբեր ամսին, ուսումնասիրություններ հնարավոր է կատարել միայն փաստաթղթերի հիման վրա:
Նա նշեց, որ ծառայությունը, չնայած փաստաթղթերի մեծ ծավալին ու վարակի ներթափանցման ուղին մի քանի ամիս հետո հայտնաբերելու դժվարությանը, այս փուլում հետագծելիության սկզբունքով առանձին-առանձին ուսումնասիրում է յուրաքանչյուր ուղեկցող փաստաթուղթ՝ պարզելու համար՝ արդյո՞ք հնարավոր էր, որ հիվանդ կենդանին այնուամենայնիվ տեղափոխվեր սպանդանոց:
Նշենք, որ Կապանում հայտնաբերվել էր բրուցելոզով 17 հիվանդ, նրանք բոլորն էլ սպանդանոցի աշխատակիցներ էին:
Դեպքի վերաբերյալ առաջինն ահազանգեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն, նրա տարածած հայտարարությունից հետո միայն պատասխանատու մարմինները հրապարակավ արձագանքեցին խնդրին:
Նախորդող հրապարակումներ՝
«Մինչ օրս չկա հայտարարություն՝ բրուցելոզով նոր հիվանդներ հայտնաբերվել են, թե ոչ»
«Կապանի 6 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց». «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ
ՍԱՊԾ. Կապանում բրուցելոզով հիվանդների թիվը 17-ն է
ԱՆ ուշացած արձագանքը Կապանում բրուցելոզի դեպքերի վերաբերյալ
Բրուցելոզի մասին ինչո՞ւ էին լռում պետական մարմինները
Բրուցելոզով հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին