ԵԽԽՎ Ադրբեջանի գծով համազեկուցող Ագրամունտը խուսափում է Բաքու ժամանելուց
ԵԽԽՎ` Ադրբեջանի գծով համազեկուցող, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը «չնախատեսված հանգամանքների» պատճառով հետաձգել է ապրիլի 8-9-ը Բաքու ծրագրած այցը, ինչի մասին ԵԽԽՎ-ն հայտնել է իր թվիթերյան պաշտոնական էջում:
Սակայն ադրբեջանական Faktxeber.com պորտալին հայտնի է դարձել, որ Ագրամունտը խոսափում է Բաքու գնալ, քանի որ երկրի իշխանությունները ճնշում են գործադրում նրա վրա, որպեսզի վերջինս հունիսին ԵԽԽՎ-ում ներկայացվելիք, Ադրբեջանի մասին իր զեկույցում «քաղբանտարկյալ» եզրույթը փոխի «քրեական գործերում քաղաքական ենթադրվող դրդապատճառներ ունեցող բանտարկյալներ» արտահայտությամբ:
Ինչպես ասվում է, Ագրամունտը փորձում է Բաքու չայցելելու պատրվակ բերել «առողջական խնդիրները»: Պորտալը, մեջբելով Ադրբեջանի մարդու իրավունքների գծով մոնիտորինգային խմբի անդամ Սաիդա Գոջամանլըի խոսքերը, նկատում է, որ իսպանացի պատգամավորն, այնուամենայնիվ, հարկադրված է լինելու մինչև ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանը` մինչ հունիսի վերջը, այցելել Ադրբեջան:
Պորտալը հիշեցնում է, որ ԵԽԽՎ-ն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցի կազմումն Ագրամունտին հանձնարարել էր դեռևս 2014 թվականի հունիսին տեղական ակտվիստների բազմաթիվ դիմումներից հետո: Դա համընկել էր ԵԽ Նախարարների խորհրդում Ադրբեջանի նախագահության ժամանակաշրջանի հետ, իսկ այդ ընթացքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում ոչ միայն առաջընթաց չէր գրանցվել, այլև ընդհակառակը, կտրուկ վատացել էր:
Ինչպես նշվում է, Ագրամունտը երկար ժամանակ լռել էր և այդ ընթացքում ոչ մի անգամ չէր այցելել Ադրբեջան ընդհուպ մինչև մարտի վերջ, երբ եկել էր Բաքու կարճ ժամանակով ԵԽԽՎ մոնիտորինգային կոմիտեի մյուս համազեկուցող, իր լեհ գործընկեր Տադեուշ Իվինսկու հետ: Ընդ որում, ինչպես շեշտում է պորտալը, երկու զեկուցողներն էլ Բաքվում խուսափել էին հրապարակային հայտարարություններից ու մամուլի ասուլիսներից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան