Նոր Գյուղում «կռիվ են տալիս» վարարած գետի դեմ
Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում բնակիչներն ու համապատասխան մարմինների աշխատակիցները պայքարում են վարարած Գետիկի դեմ: Մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը, ով այս պահին գյուղում է, Panorama.am-ին պատմեց, որ ջրի մակարդակը երեկ երեկոյի համեմատ իջել է, այս պահին ջուրն ափերից դուրս չի գալիս:
«Մեր հնարավորություններն օգտագործում ենք, ջրօգտագործողների միությունից տեխնիկա ենք բերել, ինչքան հնարավոր է՝ մաքրում ենք, բայց եթե եղանակը վատացավ, չգիտեմ՝ ինչ կլինի: Այս պահին տեղումներ չկան, բայց ամպամած է»,-իրավիճակը ներկայացրեց մարզպետարանի պաշտոնյան:
Նրա խոսքով, մարդիկ, անասուններ, ցանքատարածություններ չեն տուժել, ջուրը լցվել է բակեր, գոմեր:
«Հանձնաժողովը կհաշավարկի վնասները, որ ասեմ մեծ վնաս է, չէ, գոմերն են հիմնականում: Որոշ չափով վնաս տվել է, իհարկե, հանձնաժողովը կհաշվի»,-ասաց վարչության պետն ու ավելացրեց, որ գետի դեմն առնելու համար աշխատանքները երկար կտևեն:
Հիշեցնենք, որ գետի վարարման մասին ահազանգը ստացվել է երեկ: Հրշեջ-փրկարարները մարզպետարանի և գյուղապետարանի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկաների միջոցով Նոր Գյուղում գետի երկայնքով ափապաշտպան հողը բարձրացրել են (մոտ 200 մ հատված, մոտ 50սմ), Մայակովսկի գյուղում գետի հունը մաքրել են մոտ 60 մ հատված, իսկ Բալահովիտ-Աբովյան խաչմերուկի մոտակայքում` մոտ 20 մ հատված, ինչի արդյունքում ջրի մակարդակը իջել է մոտ 15 սմ:
Հայհիդրոմետ ծառայությունից հայտարարել են, որ ապրիլի 10-ին հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններում ձևավորված հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, ապրիլի 8-ի համեմատ մոտ 5-7 աստիճանով: Ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են ինտենսիվ անձրևներ: Ծառայությունից զգուշացնում են, 10-ին` առանձին վայրերում, սպասվում է նաև քամու ուժգնացում` 25-30 մ/վրկ. արագությամբ: Ապրիլի 10-ին և 11-ի գիշերը սպասվող բարձր ջերմային ֆոնը և ինտենսիվ տեղումները կարագացնեն կիսահալված վիճակում գտնվող ձյան հալքը: Արդյունքում, ապրիլի 10-ի երկրորդ կեսին և դրան հաջորդող գիշերվա ընթացքում Արաքս, Դեբետ, Աղստև, Քասախ, Հրազդան, Ազատ, Վեդի և Արփա գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների ողողումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան