ԻԻՀ փոխնախագահ. Իրանը երբեք միջուկային սպառազինության չի ձգտել ու չի էլ ձգտելու
«Իրանի պաշտպանական դոկտրինում ատոմային ռումբի օգտագործումը ներառված չէ»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ փոխնախագահ Մոհամմադ Բաղեր Նոբախտը:
Իրանի նախագահի տեղակալը, անդրադառնալով Իսրայելի և արևմտյան որոշ երկրների` Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ ունեցած մտահոգություններին, մասնավորապես նշել է. «Որոշ երկրներ ձգտել ու շարունակում են ձգտել ատոմային ռումբ ունենալ, իսկ որոշներն էլ արդեն ատոմային ռումբ ունեն. Ինչ վերաբերում է Իրանին, ապա այն ցանկանում է միջուկային էներգիան օգտագործել խաղաղ նպատակով. Իրանը երբեք միջուկային սպառազինության չի ձգտել ու չի էլ ձգտելու»:
«Իրանն այն սակավաթիվ երկրներից է, որը հարստացված ուրան ունի և ինքն էլ իրականացնում է միջուկային վառելիքի ձեռքբերման ողջ ցիկլը»,-հավելել է Իրանի փոխնախագահը:
Հիշեցնենք, որ Իրանի և «5+1 խմբի»` Լոզանում արված համատեղ հայտարարության կետերից մեկը նախատեսում է, որ միակ հաստատությունը, որտեղ ուրան կհարստացվի, դա Նաթանզը կլինի, Արաքի ծանր ջրի ռեակտորը միջազգային համապատասխան կազմակերպությունների աջակցությամբ կարդիականացվի և ռեակտորի արտադրողականությունը զգալիորեն կավելանա, սակայն պլուտոնիումի արտադրության ծավալները կնվազեն, իսկ ուրանի հարստացման Ֆորդոյի հաստատությունը կվերածվի միջուկային ֆիզիկայի կենտրոնի:
Նշենք, որ Լոզանի հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց Եվրամիության դատարաններից մեկն Իրանի «Թեջարաթ» բանկի և 32 ընկերությունների նկատմամբ կրկին պատժամիջոցներ կիրառեց:
Ի պատասխան Եվրամիության գործողություններին` ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա առթիվ ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով ապրիլի 2-ին Լոզանում միջուկային խնդրի հանգուցալուծման վերաբերյալ Իրանի և «5+1 խմբի» արած համատեղ հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Մենք ոչ մի համաձայնագիր էլ չենք ստորագրի, եթե համաձայնագրի ուժի մեջ մտնելու հենց առաջին օրը պատժամիջոցները չեղյալ չհայտարարվեն»: