ԻԼԻՊ-ը խոստանում է կրկնել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը խոստացել է կրկնել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:
«ԻԼԻՊ-ի կողմնակիցները սկսել են ամերիկացիներին սպառնացող հայտարարությունների արշավ: Հայտարարությունները տարածվում են «ՄենքկրկինկայրենքԱմերիկան» հեշթեգով: Հղումներ են արվում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը և Արևմուտքի երկրներում կատարված նմանատիպ այլ հարձակումներին, ինչպես նաև խոստանում են նորերն իրականացնել»,-ասվում է համացանցում ծայրահեղականների ակտիվությունը ուսումնասիրող SITE կազմակերպության կայքում:
Նշվում է, որ այդ հեշթեգը կիրառել է ավելի 15.000 օգտատեր, ընդ որում մեծ մասն արվել է ապրիլի 10-ին, երբ մեկնարկել է արշավը:
Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Կաիդայի» գրոհայինները, բաժանվելով 4 խմբի, զավթեցին ԱՄՆ չորս ուղևորատար ինքնաթիռներ: Դրանցից երկուսն ուղորդեցին դեպի Նյու Յորքի Համաշխարհային առևտրային կենտրոնի 2 երկնաքերերի վրա: Երրորդ ինքնաթիռն ահաբեկիչներն ուղղեցին դեպի Պենտագոն, իսկ չորրորդ վայր ընկավ Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մոտ: Ահաբեկչության արդյունքում զոհվեց մոտ 3000 մարդ՝ մեծամասամբ քաղաքացիական անձինք: