Իտալական մամուլի անդրադարձը Նեապոլի հայկական եկեղեցում տեղի ունեցող միջոցառումներին
Իտալական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի Հանրապետության նախագահի` Նեապոլ կատարվելիք այցին, որտեղ Սերժ Սարգսյանը կմասնակցի քաղաքի հայկական եկեղեցու բարենորոգմանն ուղղված համալիր միջոցառումների մեկնարկին:
«Einformazione» թերթի հաղորդմամբ` ապրիլի 11-ին և 12-ին իտալական Նեապոլ քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում տեղի կունենա հոգևոր միջոցառում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որի ընթացքում հայ առաքելական եկեղեցու հիմնադիր Սուրբ Գրիգոր լուսավորչի գանգը հանդիսավոր կերպով կվերադարձվի Նեապոլի կենտրոնում գտնվող հանրահայտ հայկական վանական համալիրի պահպանությանը:
«Il.Mattino» պարբերականը գրում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում տեղի կունենա վերանորոգված dell'Esedra շատրվանի բացման և Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի օծման արարողությանը: Ըստ թերթի` վերականգման և խաչքարի տեղադրման ծախսերը հոգացել է Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը` որպես ընծա Նեապոլ քաղաքին:
Հոդվածում ներկայացվում է միջոցառման օրակարգը, ըստ որի` նախատեսված է պատարագ մատուցել Ն.Ս.Օ.Տ.Տ. ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի, Կիլիկիայի Հայ Կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Ներսես Պետրոս 9-րդի և Նեապոլի Արքեպիսկոպոս Կարդինալ Սեպեյի կողմից, ինչից հետո խաչքարը կտեղադրվի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Խաչքարի տեղադրման արարողությանը, պարբերականի հաղորդմամբ, ներկա կլինեն Նեապոլի քաղաքապետ Լուիջի Դե Մագիստրիսը, նահանգապետ Ստեֆանո Կալդորոն, ինչպես նաև քաղաքացիական և ռազմական ղեկավարության ներկայացուցիչներ:
Թերթը գրում է, որ Իտալիայում Հայաստանի դեսպանատան հաղորդմամբ` խաչքարի տեղադրումը Սերժ Սարգսյանի այցի կարևորագույն պահն է, որը հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների մասն է կազմում:
«Այս միջոցառումն ավելի է սերտացնելու կապերը Հայաստանի` Գրիգոր Լուսավորչի հայրենիքի և Նեապոլի միջև, որի գլխավոր փողոցներից մեկը անվանված է հենց Գրիգոր Լուսավորչի պատվին»,-գրել է իտալական պարբերականը:
Իր հերթին «Napolipost» պարբերականը անդրադարձել է Նեապոլի Սուրբ Գիիգոր Լուսավորչիչ եկեղեցու պատմությանը, դրա կառուցման հանգամանքներին և կարևոր դերակատարությանը քաղաքի կրոնա-մշակութային կյանքում: Թերթը գրում է, որ կրոնական միջոցառման կազմակերպիչը Վատիկանում Հայստանի Հանրապետության դեպանությունն է` ի դեմս դեսպան Միքայել Մինասյանի, ով, Նեապոլի կարդինալ Սեպեի հետ փոխհամաձայնությամբ, նախաձեռնել է միջոցառումների համալիր, որի նպատակն է վանական կոմպլեքսի բարենորոգումը: Ըստ պարբերականի` նախատեսվող միջոցառումներևը մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար Նեապոլի հետ հարաբերությունները սերտացնելու տեսանկյունից: