ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակում ԱՀԿ-ն բարձր է գնահատել Հայաստանի ձեռքբերումները
ՀՀ առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվել է ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Նիստի օրակագը հաստատելուց հետո ՄՀՀ քարտուղար Տաթևիկ Կոստանյանը համառոտ ներկայացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի մշակման ընթացքի գործողությունները, իսկ ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի համար առկա ֆինանսական միջոցները:
2015 թվականի փետրվարին ձևավորված դրամաշնորհային հայտի փաթեթր մշակող աշխատանքային խմբի ղեկավար Արշակ Պապոյանը անդրադարձել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային հայտի հիմնական ստացողների նախնական գնահատմանը, նաև ներկայացրեց հայտի մշակման ուղղությամբ միջազգային փորձագետների հետ համատեղ կատարված աշխատանքի արդյունքները:
Նիստի ընթացքում փակ քվեարկությամբ սահմանվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դրամաշնորհային ծրագրի Հիմնական ստացողները, որոնք են ՀՀ առողջապահության նախարարությունը և «Առաքելություն առևելք» մարդասիրական օգնության կազմակերպությունը:
Ամփոփելով նիստի արդյունքները` Վահան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբին և մասնակիցներին համագործակցության և իրականացված աշխատանքների համար: Նա ընդգծել է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները բարձր են գնահատել Հայաստանի ձեռքբերումները:
Հեռակապի միջոցով Ժնևից նիստին մասնակցել է նաև «Գլոբալ հիմնադրամի» պորտֆոլիո-մենեջեր Վալերիա Գրիշեչկինան: Նա նույնպես իր գոհունակությունն է հայտնել իրականացված աշխատանքներից:
Նշենք, որ գործում է ՄՀՀ ինտերնետային եռալեզու www.ccmarmenia.am կայքը, ուր մանրամասն ներկայացված է անցկացվող նիստերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը: