The National Interest. Լեռնային Ղարաբաղում ռազմավարական առավելությունը և շահավետ պաշտպանական դիրքերը հայերի ձեռքում են
Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, և Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության հավանականությունը մեծանում է: Այս մասին The National Interest ամսագրի կայքում հրապարակված հոդվածում գրում է միջազգային հարաբերությունների փորձագետ Ջեք Մալքեյը:
Հեղինակը գրում է, որ 1990-ականնների սկզբին հայերի՝ քրիստոնյաների, և ադրբեջանցիների՝ մուսուլմանների միջև միջէթնիկական լարվածությունը հանգեցրեց պատերազմի, որտեղ հաղթեց հայկական կողմը: Պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո անկախ պետություն է: Հայաբնակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գերազանցապես ապրում է Հայաստանի աջակցությամբ: Չնայած հրադադարի մասին համաձայնագրին՝ պատերազմը ֆորմալ առումով այդպես էլ չի դադարել, և Ադրբեջանը դեռևս, մեղմ ասած, «ակտիվորեն վիճարկում է» Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, իսկ Հայաստանն իր հերթին չի պատրաստվում հրաժարվել «նույնիսկ մեկ թիզ հողակտորից»:
Նյութում շեշտվում է այն, որ պատերազմից հետո երկու կողմերն էլ զգալիորեն վերազինվել են: Պատերազմի թեժ փուլի ավարտից հետո հարյուրավոր մարդիկ զոհվել են հաճախակի հարձակումների և փոխհրաձգությունների հետևանքով: 2014 թվականի նոյեմբերին ադրբեջանական ուժերը խոցեցին հայկական Մի-24 ուղղաթիռը, որից հետո արձանագրվեցին բախումներ հայերի՝ չեզոք գոտուց ուղղաթիռի անձնակազմի մարմինները տարհանելու փորձերի ժամանակ: 2015 թվականի հունվարի 31-ին Արցախի Պաշտպանության բանակը ձեռնարկեց կանխարգելիչ հարձակում ադրբեջանական մի քանի դիրքերի ուղղությամբ և չեզոքացրեց մի շարք ադրբեջանցի զինվորների:
Հեղինակը նկատում է, որ վերջին տարիներին ադրբեջանական կողմը զգալիորեն ավելացրել է իր ռազմական ծախսերը, և այդ միտումը չի նվազում՝ չնայած նավթի գնի անկմանն աշխարհում: Վերջին մի քանի տարիների ընթացքում Իսրայելն Ադրբեջանի հիմնական գործընկերներից մեկն է ռազմական ոլորտում, և այդ հարաբերությունների արդյունքում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ձեռք են բերել իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր:
Հայաստանի ծախսերը ևս վկայում են, որ հայկական կողմը նույնպես կանխատեսում է պատերազմի վերսկսման հավանականությունը: Հայաստանը և Ռուսաստանը հանգամանորեն պահպանում են «Իսկանդեր» համալիրի ձեռքբերման հետ կապված անորոշությունը, որը հնարավորություն կտա Հայաստանին խոցել ադրբեջանական ինքնաթիռներ Ադրբեջանի տարածքում: 2012 թվականից սկսած Հայաստանը նաև զգալի միջոցներ է ներդրել Ռուսաստանից նորագույն զրահատեխնիկա և հրետանի ձեռք բերելու համար, ինչից մեծ քանակությամբ ունի, ինչպես նաև զբաղվում է սեփական անօդաչուների արտադրությամբ:
Հեղինակը ընդգծում է նաև հայկական կողմի համար ռազմավարական շահավետ լանդշաֆտի և պաշտպանական դիրքերի մասին:
«Ղարաբաղի բոլոր հիմնական ճանապարհները, բնակեցված վայրերը, ջրի աղբյուրները և էլեկտրականությունն արդեն հայկական կողմի վերահսկողության ներքո են: Դրանց հասնելու համար ադրբեջանական կողմը պետք է անցնի անառիկ լեռներով, որոնք հաստատապես ամրապնդված են հայ զինվորների` լավ կահավորված դիրքերով: Ղարաբաղի հյուսիսում հայկական կողմին կարելի է հասնել միայն Օմարի խստաշունչ լեռնանցքով: Արևելքից ադրբեջանական բանակը, Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ հասնելու համար, պետք է անցնի լեռնային նեղ կիրճով, որի լայնությունն Ասկերան քաղաքի մոտ կազմում է ընդամենը 2.5 կիլոմետր: Այդ աշխարհագրական պատնեշները հաղթահարելը չափազանց բարդ է: Ղարաբաղի ջուրը և էլեկտրականությունը սնվում են Սարսանգի ջրամբարի վրա տեղակայված ՀԷԿ-ից, իսկ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող գլխավոր ճանապարհն անցնում է Լաչինի միջանցքով: Երկու ռազմավարական կետերն անհասանելի են Ղարաբաղում ադրբեջանցիների ցանկացած հիպոթետիկ գործողությունների դեպքում»,- նշվում է նյութում:
Հայկական կողմն արդեն վերահսկում է այն տարածքը, որն ուզում է: Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «կանոնավոր կերպով հռետորաբանություն է տեղում հայերի հասցեին` վիրավորելով Հայաստանին» և խոստանալով, որ իր երկիրը կգրավի Լեռնային Ղարաբաղը: Շփման գիծը Լեռնային Ղարաբաղում հետզհետե ավելի վտանգավոր է դառնում, եզրափակում է հեղինակը:
Նյութեր թեմայի շուրջ՝
Հայաբնակ Արցախը կարող էր դառնալ աշխարհի նոր հրաշալիքը. Բրիտանական ամսագիր
BBC. «Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է` իր կառավարությամբ, համալսարաններով և անգամ միջազգային օդանավակայանով»
Հեղինակավոր Ֆրանսիական թերթում Ֆրանիայի ԱԺ պատգամավորները կոչ են անում ճանաչել Արցախի անկախությունը