«1915 թվական, ապրիլի 24. Մի ցեղասպանության տարեգրություն». Հարցազրույց վատիկանագետ Ջիանսոլդատիի հետ
2015 թվականի ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում կհիշատակվի հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը: Մեկ ու կես միլիոն մարդ, կանայք, անպաշտպան երեխաներ նահատակվեցին՝ զոհ գնալով մի ամբողջ ժողովրդի աստիճանական ոչնչացման ծրագրին: Ապրիլի տասներկուսին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում մատուցում է բոլոր զոհերի հոգեհանգստյան պատարագ, որոնցից շատերն ընկան Հիսուսից թողություն խնդրելով, որպես քրիստոնեության մեր ժամանակների մարտիրոսներ: Այս ողբերգական իրողություններից հարյուր տարի անց պատմական իրականությունը Հայոց ցեղասպանության հարցում դեռ իրարամերժ կարծիքների առիթ է տալիս՝ բախվելով ժխտողականության ալիքին: Այս մասին գրել է իտալական Alateia պարբերականը՝ հարցազրույց ունենալով Il Messaggero թերթի վատիկանագետ Ֆրանկա Ջիանսոլդատիի հետ, ով «Քայլերթ առանց ետդարձի: Հայոց Ցեղասպանությունը» (Սալերնո հրատարակչություն) գրքի հեղինակն է:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական թարգմանությունը:
-Ինչպիսի՞ն է Ձեր գրքի մոտեցումը հայկական հարցին:
-Պատմաբան չեմ, այլ թղթակից: Այս հարցի հանդեպ իմ հետաքրքրությունն առաջացել է որպես լրագրող «ԱդնՔրոնոս» գործակալությունում առաջին քայլերս կատարելիս, երբ սկսեցի զբաղվել լեգիստ Ջիանկառլո Պալյարինիի նախաձեռնություններից մեկով: 1998 թ. Պալյարինին ներկայացրեց մի միջնորդություն՝ տարբեր կուսակցություններից 165 պատգամավորների ստրագրություններով, որպեսզի Իտալիայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասով կարելի է ասել, որ ավել ուշ՝ 2000թ., հետևելով Եվրոխորհրդարանին՝ ընդունվեց բանաձև: Հետագայում որպես վատիկանագետ, առիթ ունեցա հետևել Հովհաննես Պողոս Երկրորդի՝ Հայաստան այցի և Գարեգին Բ կաթողիկոսին հանդիպելու նախապատրաստական աշխատանքներին: Այս այցը, որը հանդիպեց Թուրքիայի կողմից ստեղծված բավականին մեծ խոչընդոտների, նշանակալից էր նրանով, որ երկար քննակումներից հետո, «ցեղասպանություն» և «սպանդ» բառերը, որ ընդգրկվեցին քրիստոնեության ընդունման 1700 ամյակի առթիվ համատեղ արված հայտարարության մեջ, սկսեցին օգտագործվել նաև պապական էնտուրաժում: Ժամանակի հետ հասկացա, որ Հայոց ցեղասպանության հարցը անծանոթ է շատերին, նույնիսկ մշակութային խորը գիտելիքների տեր մարդկանց: Իմ գիրքը տեղեկատվություն տարածելու նպատակ ունի. ամփոփել հարցի հիմանական կողմերը նրանց համար, ովքեր դրանից անտեղյակ են, կամ քիչ են տեղեկացված: Իմ նպատակն էր նաև ընդգրկել վկայությունները: Վիճակագրությունները, որ փաստում են Օսմանյան կայսության կողմից մեկ ու կես միլիոն հայերի աստիճանական ոչնչացումը, չեն ցնցում մարդկանց գիտակցությունը: Սարսափի չափն ընկալելն ավելի դյուրին է դառնում վերապրածների ձայնը լսելով:
-Ինչու՞ է Հայոց ցեղասպանությունը ցայսօր ժխտված:
-Կան պատմական պատճառներ. սպանդը կատարվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներն, երբ եվրոպական մեծ տերությունների ուշադրությունը սևեռված էր այլուր: Կան նաև դիվանագիտական պատճառներ. պատերազմին հաջորդած պայմանագրերում Թուրքիայի առաջնորդ Աթաթուրքի ազդեցությունը բավական մեծ էր հայկական հարցը տեսադաշտից հեռացնելու համար, չնայած նրան,որ 1920 թ. թուրքական մի դատարան դատապարտել էր զանգվածային ոչնչացումների մի քանի պատասխանատուների: Կան նաև գործնական պատճառներ. Թուրքիայի այսօրվա ժխտողական մոտեցման մեջ երկրորդական չէ երկյուղը՝ վերապրած ժառանգների կողմից փոխհատուցումների պահանջի հանդեպ: Նրանցից շատերը Օսմանյան կայսրության քաղաքներում ներկայացնում էին ֆինանսատնտեսական վերնախավը: Այս ամենի հետևանքով Թուրքիան հայացքը թեքել է նրանից, ինչ կատարվել է, և ստեղծել է այսպես կոչված մի ճեղքվածք իր հավաքական հիշողության մեջ, որը վստահ եմ, ազդեցություն է ունեցել եվրոպայի պատմության վրա քսաներորդ դարից մինչ մեր օրերը, նույնիսկ մինչև ինքնակոչ իսլամական պետության ֆենոմենը:
-Եվ ինչպե՞ս է այն արտահայտվել:
-Հայոց ցեղասպանությունը քսաներորդ դարի առաջին կանխամտածված ցեղասպանությունն է: Եթե այն ընդհանրական գիտակցությունից, հետևաբար նաև անձնական հիշողությունից չջնջվեր, հնարավոր է, որ կկանխվեր այն, ինչ բերեց հրեական Հոլոքոստի իրագործմանը, կամ գոնե կիրականացվեր այլ կերպ: Պատահական չէ 1939 թ. իր գեներալներին հրեաների խնդրի վերջնական լուծման անհրաժեշտության մեջ համոզելու համար Հիտլերի ասած հայտնի նախադասությունը, թե ո՞վ է այսօր հիշում հայերին: Հայկական ջարդերի անտեսումը նպաստեց Երրորդ ռայխի կողմից նմանատիպ ռազմավարության մշակմանը՝ իր տարածքում ռասսայական խնդիրները լուծելու համար: Փաստ է, որ թե՛ դարասկզբի թուրքական փաստաթղթերում, թե՛ նացիստների փաստաթղթերում հաճախ է հանդիպում «էթնիկ զտողականություն» եզրույթը:
-Իսկ ի՞նչ կասեք Իսլամական պետության մասին:
-«ԻՊ»-ը ինչ-որ առումով արձագանքն է այն ամենի, ինչ կատարվել է հարյուր տարի առաջ: Ինձ վրա մեծ տպավորություն թողեց այն, ինչ կատարվեց Դեր Զորի եկեղեցում: Այդ վայրում, որը նախկինում պատկանում էր Օսմանյան կայսրությանը, իսկ ներկայումս Սիրիային, համակենտրոնացման ճամբարներ էին տեղակայված, ուր թուրքերը բերել էին տեղահանված հայերին: Նրանք, ովքեր չէին մահացել Անատոլիական անապատներով աքսորի ընթացքում, հազարներով վախճանվեցին այստեղ հիվանդությունների, սովի, հարկադիր աշխատանքների, համաճարակների հետևանքով: Եկեղեցին վեր է հառնում այն վայրում, որտեղ գտնվել են տասնյակ ընդհանուր գերեզմանահորեր, այն ցեղասպանության խորհրդանիշն է և դարձել է ուխտագնացության վայր աշխարհի բոլոր ծագերում սփռված հայերի համար: 2014 թ. օգոստոսին անբացատրելիորեն, քանզի խոսքը որևէ ռազմավարական ծրագրի մասին չէ, «ԻՊ»-ի զինվորները մեծապես վնասել են եկեղեցին: Արհամարհանքի մի դրսևորում, որը շատերի կողմից դատապարվեց միջազգային մակարդակով: Թուրքիան սակայն լուռ մնաց: Հիշողությունը թանկ բան է. առանց դրա չենք հասնի խաղաղության ու հաշտեցման, ինչպես նշել է Ֆրանցիսկոս Պապը ապրիլի իննին Հայ Կաթողիկե եկեղեցու սինոդին ընդունելիս:
-Ֆրանցիսկոս Պապը իր այդ ելույթում անդրադարձել է նաև իրեն նախորդած պապի՝ Բենեդիկտուս XV-ի աշխատանքին: Ինչպե՞ս է նա միջամտել:
-Բոլոր հնարավոր միջոցներով: Նրա կերպարն առանձնանում է մեծ կարևորությամբ. անձամբ է գրել սուլթան Մահմեդ V- ին՝ խնդրանքով, որ հայերի օգտին միջոցներ ձեռք առնի, և հրահանգել է նվիրակներին գործել բոլոր եվրոպական կառավարություններում ի նպաստ հայերի: Մեծ արիությամբ և առանց հավելյալ դիվանագիտական զգուշավորությունների բացեիբաց խոսել է սպանդի, ջարդերի, զանգվածային ոչնչացումների մասին: Կարելի է ասել, որ միակ հոգևոր և պետական առաջնորդն է եղել, որ բացի փրկվածներին օգնություն ցուցաբերելուց, դատապարտել է ջարդերը: Բացի այդ երբեք չի տարանջատել կաթոլիկ և լուսավորչական հայերին. էկումենիկ մի տեսակետ, որն այսօր, Վատիկանի երկրորդ ժողովից հետո մեզ բնական է թվում, մինչդեռ այն ժամանակ ինքնին անընդունելի էր:
-Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակը կարո՞ղ է արդյոք նշանակալից լինել պատմական իրականության վերականգնման գործընթացում:
-Խոսքը երկար գործընթացի մասին է: Դրան անդրադառնալն իսկ մեծ կարևորություն ունի: Միատարր հիշողության հասնելու ցանկության անդրադարձը կլինի նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանում ապրիլի քսանչորսին կայանալիք ցեղասպանության տարելիցին նվիրված արարողակարգը, որին հրավիրված են բոլոր պետությունների ղեկավարները: Ռուսաստանի նախագահ Պուտինն արդեն հաստատել է իր մասնակցությունը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Օլանդը: Նախագահ Օբաման կուղարկի իր աջ ձեռք, փոխնախագահ Բիդենին: Իտալիան, հավանաբար կմասնակցի պատգամավորների պատվիրակությամբ: Ապագայում կարծես ուրվագծվում է հայերի իրավացիության ճանաչումը, բայց դեռ դժվար է ասել, թե որքան ժամանակ կպահանջվի: