Ալավերդու բժշկական կենտրոն դիմած 550 կանանցից 8-ի մոտ է քաղցկեղ հայտնաբերվել. մասնագետներ
Ալավերդի համայնքի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման ծրագրով կանանց շրջանում իրականացված բժշկական հետազոտությունների արդյունքներն այդքան սարսափելի չեն, որքան ներկայացվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալավերդու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սերոբ Նազարեթյանը:
Նշենք, որ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը 2014թ. համայնքի բյուջեի բնապահպանական սուբվենցիաներից 6,6 մլն դրամ է տրամադրել Ալավերդու բժշկական կենտրոնին, որպեսզի հետազոտվեն «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության պղնձաձուլական գործարանի արտանետումների հետևանքով բնապահպանական կենտրոնում ապրող կանայք և տղամարդիկ:
Սերոբ Նազարեթյանի խոսքերով` նախապես հայտարարվել է, որ հետազոտություն կարող են անցնել գանգատներ ունեցող կանայք և տղամարդիկ:
«Լիարժեք պատկեր ստանալու համար մենք պետք է հետազոտեինք ամբողջ բնակչությանը, որը մեզ մոտ 18 տարեկանից բարձր կազմում է 7764 մարդ: Այս անգամ հետազոտությանը մասնակցել է գանգատներ ունեցող 550 կին և 500 տղամարդ:
Այսպիսով, ըստ նրա, 550 կանանցից 8-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի չարորակ նորագոյացություն, իսկ 404-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի մաստոպատիա, ֆիբրոադենոմա, գեղձային փոփոխություններ, լիմֆոադենոմա և պապիլոմա: Պրակտիկ առողջ եղել են 550 կնոջից 85-ը:
«Մաստոպատիաները և գեղձային փոփոխությունները քաղցկեղային հիվանդություններ չեն, ոչ էլ` նախաքաղցկեղային: Մաստոպատիաների գերակշռող մասը կապված են օրգանիզմի ֆիզիոլագիական փոփոխությունների հետ, ուստի մաստոպատիան կարող է արտահայտվել ցանկացած պահի»,- ասաց Ս.Նազարեթյանը:
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա հետազոտված 30-60 տարեկան տղամարդկանցից 250-ի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի ադենոմա, 77 տղամարդու մոտ ախտորոշվել է խրոնիկ պրոստատիտ, 45-ի մոտ` շագանակագեղձի պիպերպլազա: Ընդհանուր առմամբ՝ 500 հետազոտվածներից խնդիրներ չունեցող տղամարդկանց թիվը եղել է 128-ը:
ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե նախարարությունն այդ հետազոտությունների վերաբերյալ քննարկում չի անցկացրել:
«Առողջապահության նախարարությունը քննարկել է ստացված արդյունքները: Արդյունքները պետք է դիտարկել մեկնաբանությունների տեսանկյունից: Խնդիրը նրանում է, որ ոչ թե կատարվել է ներկայացուցչական հետազոտություն կանանց և տղամարդկանց շրջանում, այլ կատարվել է գանգատներ ունեցող անձանց հետազոտություն: Ուստի, մենք կարող ենք խոսել հիվանդացության կառուցվածքի, այլ ոչ թե տարածվածության մասին»,- նշեց Գ.Սահակյանը` հավելելով, որ ցանկացած հիվանդների խումբ ուսումնասիրելիս նման թվեր կարող են ստանալ:
Նա մեկ անգամ ևս շեշտեց, որ այս ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքների վերաբերյալ մամուլում թյուրիմացաբար հրապարակվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ։
«Ոչ թե հետազոտված 550 կնոջից միայն 8-ն է առողջ, այլև 550-ից 8-ի մոտ է հայտնաբերվել քաղցկեղ»,- ասաց Գ.Սահակյանը:
Ըստ նրա` այսօր աշխարհում գոյություն չունի կրծքագեղձի սկրինինգային ծրագրեր, որոնք թույլ կտան հայտնաբերել քաղցկեղի գոյացության հավանականությունը: Կրծքագեղձի քաղցկեղը հնարավորություն ունեն հայտնաբերել միայն վաղ շրջանում:
«Փոխարենը Հայաստանում ներդրվել են այնպիսի սկրինինգային ծրագրեր, որոնք թույլ են տալիս հայտնաբերել արգանդի վզիկի նախաքաղցկեղային գոյացությունները»,- ասաց նա:
Գ.Սահակյանը նշեց, որ չպետք է քաղցկեղային գոյակցությունները միայն կապել շրջակա միջավայրի ախտոտվածության հետ, քաղցկեղի պատճառ հաճախ դառնում է անառողջ սնունդը, ծխախոտի կամ ալկոհոլի չարաշահումը:
Նա նաև տեղեկացրեց, որ շեշտվում է, թե Ալավերդիում շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով աճել են քաղցկեղի դեպքերը, մինչդեռ, ըստ ԱՆ վիճակագրության, չարորակ գոյացությունների ամենաբարձր ցուցանիշը Կոտայքի մարզում է, որտեղ հանքարդյունաբերական ձեռնարկություններ չեն գործում:
Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն էլ հիշեցրեց, որ 40-ից հետո բոլոր կանայք տարին մեկ անգամ պետք է անցնեն մամոգրաֆիկ հետազոտության:
«Մեզ մոտ ուղեգրված 28 կնոջից միայն 8-ի մոտ է գոյացություն հայտնաբերվել: Սակայն պետք է նշեմ, որ ուլտրաձայնային հետազոտությունը երբեմն նորագոյացությունը ցույց չի տալիս, ուստի հնարավոր է, որ այդ 404 կանայք անցնեին մամոգրաֆիկ հետազոտություն և նրանց մոտ գոյացություններ հայտնաբերվեին»,- ասաց Խ.Հակոբյանը: