Բաքվում Եվրոպական խաղերի նախաշեմին քաղաքացիներին արգելել են պատշգամբներում սպիտակեղեն չորացնել
Բաքվի կենտրոնում` տների պատերի վրա, հայտնվել են հայտարարություններ, որոնցում ասվում է դեպի քաղաքի կողմը նայող փողոցների պատշգամբներում ինչ-որ իրեր կամ սպիտակեղեն կախելու արգելման մասին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվական պորտալը:
Ինչպես ասվում է նյութում, այդ հայտարարությունները հայտնվել են երեկ Բաքվի կենտրոնական շրջաններում տեղակայված տների պատերի վրա: Քաղաքի կենտրոնի բնակիչները պորտալի թղթակցին հայտնել են, որ հայտարարությունների հետ մեկտեղ զգուշացրել են նաև կենտրոնում գրեթե յուրաքանչյուր բնակարանում ապրողներին: Քաղաքացիների խոսքերով՝ հայտարարությունները փակցրել են քաղաքի գործադիր իշխանության աշխատակիցները:
Պորտալը ենթադրում է, որ Բաքվի քաղաքապետարանը նման քայլի է դիմել առաջիկա Եվրոպական խաղերի պատճառով:
Նշենք, որ ավելի վաղ՝ ընթացիկ տարվա հունվարի սկզբին, հայտնի դարձավ, որ ադրբեջանական Սումգայիթ քաղաքի բնակիչներն այլևս իրավունք չունեն պատշգամբներում սպիտակեղեն-լվացք կախել. քաղաքի գործադիր իշխանությունն այդ կապակցությամբ պատրաստել էր միջոցառումների ծրագիր, իսկ բնակիչներին նախազգուշացրել էին: Նշվում էր, որ կախված լվացքը ոչ միայն փչացնում է քաղաքի արտաքին տեսքը, այլ նաև շատ անհարմարություններ է պատճառում: Բարձրահարկ քաղաքի բնակիչներն այդ ժամանակ հայտարարել էին, որ իրենք պատշգամբներում այն կախելուց բացի այլ տարբերակ չունեն:
Հավելենք նաև, որ դեռևս 2013 թվականի օգոստոսին Նախիջևանի Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովն արգելել էր քաղաքացիներին պատշգամբներում սպիտակեղեն չորացնել, փողոցներում խմբերով զբոսնել, թոնիրներում հաց թխել, ինչպես նաև հուղարկավորության արարողություններ անցկացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը