Համալսարանի ռեկտոր. Եթե օբյեկտիվ գնահատականներ չեն տրվում անցյալի ցավալի ողբերգություններին, դրանք կրկնվում են
Հունգարիայի Սեչենյի անվան ազգային գրադարանում բացվել է «Հայերի ողբերգությունը Առաջին համաշխարհային պատերազմում» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. մայիսի 20-ը: Ցուցահանդեսի կազմակերպման պաշտոնական գործընկերն է Պիտեր Պազմանյ Կաթոլիկ համալսարանը: Ցուցահանդեսի ղեկավարներն են հայագետ, դոկտոր Բալինտ Կովաչը և դոկտոր Շանդոր Օզեն, համակարգողը` Նիկոլետ Ցեզարը, գիտական գործընկերները` Պիրոշկա Կրոյչիրը (Բուդապեշտ), Էվա Մերենիչը (Բուդապեշտ), Հակոբ Մաթևոսյանը (Լայպցիգ), Էմեշե Պալը (Կլուժ), Էլկե Հարտմանը (Բեռլին) և Արտեմ Օհանջանյանը (Բուդապեշտ): ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի և Հունգարիայի Հանրապետությունների ազգային գրադարանների նախաձեռնությամբ:
Ցուցահանդեսը կազմված է «Հայերը Օսմանյան կայսրությունում», «Հայոց ցեղասպանությունը», «Ավստրո-հունգարական կայսրության արտաքին քաղաքականությունը», «Աշխարհասփյուռ հայեր. գաղութներ և սփյուռք», «Հայ փախստականները Հունգարիայում. հաստատումից դեպի ինտեգրացիա», «Ողբերգության հիշատակություն» բաժիններից։ Ցուցանմուշները տրամադրել են Բուդապեշտի հայ կաթոլիկ եկեղեցին, Սեչեյնի ազգային գրադարանը, Հայաստանի ազգային գրադարանը; Ցուցահանդեսում ներառված են նաև ցուցանմուշներ մասնավոր հավաքածուից (Բուդապեշտ):
Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթով հանդես է եկել Պիտեր Պազմանյ Կաթոլիկ համալսարանի ռեկտոր Սուրոմի Սաբոլչը, նրա խոսքով. «Եթե այսօր օբյեկտիվ գնահատականներ չեն տրվում անցյալի ցավալի ողբերգություններին, ապա դրանք կրկնվում են»: Նա նաև նշել է, որ «բազմաթիվ օտարերկրացիներ, դիվանագիտական ճանապարհներով փորձել են օգնել հայերին, սակայն վերջիններիս ջանքերն ապարդյուն են անցել»: Պիտեր Պազմանյ Կաթոլիկ համալսարանի ռեկտորն անդրադարձել է նաև վերջերս լույս տեսած պատմական մի ժողովածուի, որտեղ ներկայացված են օտարերկրացիների կողմից հայերին օգնելու փորձերի մասին պատմական փաստաթղթեր և վերլուծություններ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Իր խոսքում նա նշել է, որ «աշխարհի ամեն անկյունում գտնվող յուրաքանչյուր հայ մինչ օրս զգում է Մեծ Եղեռնի թե ́ բարոյահոգեբանական, թե ́ մշակութային և թե ́ քաղաքական հետևանքները»:
Հունգարիայի ազգային գրադարանի տնօրեն Լասլո Տուշկեն, ողջունելով միջոցառման ներկաներին իր խոսքում ասել է, որ հայերի ցեղասպանությունն անջնջելի հիշողություն է, և բոլորի պարտականությունն է հիշել այն:
Ցուցահանդեսի բացման արարողությունն ուղեկցվել է ակորդիոնահար Դավիթ Ենգիբարյանի նվագակցությամբ: