Իրանի դեսպանի գնահատմամբ՝ Հայաստանն իրանական գազը Եվրոպա արտահանելու ապահով և տնտեսապես ձեռնտու ճանապարհ է
«Վերջին 24 տարվա ընթացքում Իրանն իր հարևանների միջև Հայաստանի հետ ունեցել է լավագույն հարաբերությունները»,-այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին:
Դեսպան Ռեիսին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում, անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Հայ-իրանական հարաբերություններն ՀՀ անկախությունից ի վեր փոփոխության չեն ենթարկվել, մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Թեև Իրանի նկատմամբ շատ խիստ պատժամիջոցներ են կիրառվել, սակայն Հայաստանի հետ հարաբերություններում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Պետք է վստահ լինեք, որ տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո այն խնդիրները, որոնք գոյություն ունենեին տնտեսական հարաբերություններում, կվերանան և մենք կյանքի կկոչենք Հայաստանի հետ ձեռք բերված մեր բոլոր պայմանավորվածությունները, հատկապես Հայաստանի դեպքում, որի հետ մենք ունենք հատուկ հարաբերություններ»:
Անդրադառնալով Հայաստանի տարածքով իրանական գազի արտահանման հավանականությանը, Իրանի դեսպանը մասնավորապես նշել է. «Իրանն աշխարհում ունի գազի ամենամեծ պաշարները. Բնական է, որ Իրանն իր գազն արտահանելու համար պետք է փնտրի նոր շուկաներ: Իրանական գազը Եվրոպա արտահանելու վերաբերյալ դեռևս խոսակցություն չի եղել, սակայն եթե նման քննարկումներ լինեն, ապա որպես կարճ, ապահով և տնտեսապես ձեռնտու ուղություն կարող է քննարկվել նաև Հայաստանի տարբերակը»:
Այն հարցին, թե գազի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագիրը կարո՞ղ է խոչընդոտել հայ-իրանական էներգետիկ նախագծերին, դեսպան Ռեիսին պատասխանել է. «Իրանի և Հայաստանի միջև կնքվել է պայմանագիր 20 տարի ժամկետով. Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագիրը՝ Հայաստանի և Իրանի միջև կնքված պայմանագիրը փոփոխության չի ենթարկվում, այն պահպանվում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին